ԱԱ-2018-ի ընտրական փուլի եվրոպական գոտու E ենթախմբում ընդգրկված 6 հավաքականները՝ Հայաստանը, Լեհաստանը, Ռումինիան, Դանիան, Չեռնոգորիան եւ Ղազախստանը վերջին օրերին ընկերական հանդիպումներ անցկացրին, որից հետո ավելի հստակ է երեւում, թե ով ինչպես է ընթանում դեպի աշնանը մեկնարկող ընտրական փուլը:
Ֆավորիտներն իրենց տեղերում են
E ենթախմբի ֆավորիտները՝ Լեհաստանը, Ռումինիան եւ Դանիան, ի տարբերություն մյուս երեք հավաքականների, ավելի բարդ մրցակիցների հետ հանդիպեցին՝ հաստատելով իրենց բարձր կարգը:
Լեհաստանի հավաքականը, որը ներկայում նախապատրաստվում է Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին, մարտի 23-ին սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ: Այդ խաղում Ադամ Նավալկան ասպարեզ է դուրս բերել հիմնական կազմը, իսկ հետագայում կատարել է 5 փոփոխություն: Հաջորդ ընկերական խաղում լեհերը դարձյալ սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել են Ֆինլանդիային: Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Լեհաստանը կարող է արդյունավետ խաղ ցուցադրել նաեւ առանց Ռոբերտ Լեւանդովսկու, ով փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 3:0 էր: Հայաստանի ապագա մրցակցի կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց 23-ամյա Պավել Վշոլեկը, ով հանդես է գալիս իտալական «Վերոնայում»:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին է նախապատրաստվում նաեւ Ռումինիան, որը եւս 2 ընկերական հանդիպում անցկացրեց՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ: Ռումինացիները նախ 1:0 հաշվով առավելության հասան Լիտվայի նկատմամբ, ապա 0:0 հաշվով ավարտեցին Իսպանիայի հետ հանդիպումը: Լիտվայի հետ խաղում ռումինացիները հանդես եկան ոչ մարտական կազմով, իսկ ահա Իսպանիայի դեմ խաղում գլխավոր մարզիչ Անգել Յորդենեսկուն նման շքեղություն իրեն չէր կարող թույլ տալ: Իսպանացիների հետ մրցավեճում Ռումինիան լավ տպավորություն թողեց եւ ավելի շատ սպառնաց մրցակցի դարպասին, ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, սակայն հաջողության հասնել չկարողացավ:
Դանիայի հավաքականում իր նորամուտը նշեց 62-ամյա մասնագետ Օգե Հարեյդեն: Նրա գլխավորությամբ առաջին խաղում դանիացիները սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեցին Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Իսլանդիային: Այդ խաղում դանիացիներին հաղթանակ պարգեւեց 25-ամյա Նիկլաս Յորգենսենը, ով վերջին շրջանում սկսել է ավելի շատ խաղաժամանակ ստանալ հավաքականում:
Մարտի 29-ին դանիացիները հյուրընկալվեցին վերելք ապրող Շոտլանդիային եւ զիջեցին 0:1 հաշվով: Խաղասկզբում տանտերերը միակ գոլը խփեցին Դանիել Ագերի եւ Կասպեր Շմեյխելի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում:
Չեռնոգորիան և Ղազախստանը
Հայաստանի մյուս երկու մրցակիցները՝ Չեռնոգորիան եւ Ղազախստանը հանդիպեցին ավելի համեստ ընտրանիների հետ:
Ղազախները սկզբում Թուրքիայում 1:0 հաշվով առավելության հասան Ադրբեջանի նկատմամբ, իսկ երեկ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեցին Վրաստանի հետ հանդիպումը: Այս խաղերում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է 47-ամյա Տալգատ Բայսուֆինովը, ով գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին ամիսներին բանակցություններ է վարել մի շարք արտասահմանցի մասնագետների հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չի եկել որեւէ մասնագետի հետ: Չի բացառվում, որ Բայսուֆինովը հաստատվի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ավելի անհաջող հանդես եկավ Չեռնոգորիայի հավաքականը, որն անցկացրած 2 խաղերում էլ չտպավորեց: Չեռնոգորցիները նախ հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեցին ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանի հավաքականին, ապա սեփական հարկի տակ 0:0 հաշվով ավարտեցին մեզ քաջ ծանոթ Բելառուսի հետ խաղը: Ի դեպ, Բելառուսն արդեն 9-րդ րոպեին մնացել է 10 հոգով, երբ կարմիր քարտի է արժանացել Կորնիլենկոն:
Առանց իր առաջատար Միրկո Վուչինչի, Չեռնոգորիան առջեւի գծում դժգույն տեսք ուներ:
Ընդամենը մեկ հանդիպում Հայաստանի մասնակցությամբ ու ևս երկուսը մայիսին
Հայաստանի հավաքականը միակն էր E ենթախմբի մասնակիցներից, որը մարտին բավարարվեց միայն մեկ հանդիպումով ՝ մրցելով Բելառուսի հավաքականի դեմ (0:0): Հայաստանը, ինչպես եւ Ղազախստանը ու Չեռնոգորիան, չկարողացավ հանդիպում անցկացնել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի մասնակից որեւէ հավաքականի հետ: Բացի այդ, Վարուժան Սուքիասյանը մեկ խաղում չէր կարող մեծ թվով փորձարկումներ կատարել եւ մի շարք հարցեր դեռ չունեն պատասխաններ, առավել եւս, որ հավաքական հրավիրվածների ցանկում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ:
Այսօր հայտնի դարձավ, որ մայիսին Հայաստանը ԱՄՆ-ում մրցելու է Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ, որոնք համալրված են հիմնականում տեղական ակումբներում հանդես եկող խաղացողներով եւ ընդհանուր ոչինչ չունեն եվրոպական ֆուտբոլի հետ: Գվատեմալայի ընտրանին 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, իսկ Էլ Սալվադորը՝ 99-րդը: Բարդ է ասել, թե այդ խաղերն ինչ կտան Հայաստանի հավաքականին: