ԱՄՆ ամենահայաշատ շրջաններից մեկը` Լոս Անջելեսը, նույնպես անտարբեր չի մնացել այս օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Հայրենիքի համար այս օրհասական պահին ամբողջ աշխարհում սփռված հայությունն իր աջակցությունն է հայտնում սահմանին կանգնած երիտասարդներին:
Այսօր ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների բողոքի ակցիա է կազմակերպվել Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Մեծ թվով հայեր, առավելապես` երիտասարդներ են հավաքվել` իրենց զորակցությունը համայն հայերին հայտնելու և թշնամու սադրիչ գործողությունները դատապարտելու համար:
Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը Գլենդեյլից, հրապարակում հավաքված երիտասարդները կատարում են ռազմահայրենասիրական, ազգային երգեր, Տերունական աղոթք են կարդում, վանկարկում են տարբեր կարգախոսներ։ Բազմությանն է միացել նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը:
Երիտասարդները նաև Լեռնային Ղարաբաղ մեկնող կամավորական թիմ կազմելու առաջարկ են հնչեցրել և նշել են, որ արդեն կան այնտեղ ուղևորվող քաղաքացիներ:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։