Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ լարվածության աճ է արձանագրվել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես նշվում էր, որ հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր: Tert.am-ի հետ զրույցում նշված համայնքների գյուղապետերը հերքեցին այս տեղեկատվությունը: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի մեկնաբանությամբ՝ «դիրքերի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ եղել են, դա միշտ էլ կա, բայց գյուղերի վրա ոչ մի արկ չի նետվել»։ Փաստորեն, այս պահի դրությամբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակի ապակայունացում չունենք: ՎԱՐԴուհի Սիմոնյանի զրույցները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գյուղապետերի հետ:
ԲԵՐԴԱՎԱՆ
-Պարոն գյուղապետ, քիչ առաջ լսեցինք, որ հիմա էլ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան կողմն է ցնցվում Բերդավանի և Կոթիի ուղղությամբ: Ասվում է, որ կիրառել են 60 և 82 մմ ականանետեր, այո՞:
-Տարածվող ինֆորմացիան իրականության հետ կապ չունի: Բերդավանում կրակոցներ չեն հնչել, ամբողջ գիշեր արթուն ենք եղել, հերթապահել ենք, դա ապատեղեկատվություն է:
-Կներեք, Դուք խոսում եք միայն Բերդավանի՞ մասին, թե՞ նաև Կոթիից եք տեղյակ:
-Չէ, բնականաբար, ես մեր համայնքի մասին եմ հիմա խոսում, որ այդ լուրերը սուտ են, մեզ մոտ հանգիստ է, ոչ մի կրակոց էլ չկա:
-Հնարավո՞ր է, որ միայն Կոթիի մասին է եղել խոսքը:
-Կոթիի մասով էլ ճիշտ չէ, այնտեղ էլ որևէ առանձին անհանգստացնող կամ շոշափելի բան չի պատահել: Այո, դիրքերի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ եղել են, դա միշտ էլ կա, բայց գյուղերի վրա ոչ մի արկ էլ չի նետվել: Ես էլ շատ զարմացա, որ լուրերում կարդացի:
-Այ քեզ ուրախալի լուր, ուրեմն էս կողմից գոնե հանգիստ լինեն, հա՞:
-Հա, հանգիստ եղեք, Աստված չանի, որ հիմա էլ էս կողմի վրա շրջվի:
ԿՈԹԻ
-Կոթին ո՞նց է, լրատվությունը գուժում է, որ վատ է:
-Դե հա, պիտի գրեք՝ վատ է, կործանվում է, որ Ձեր նյութերը կարդան, չէ՞:
-Է՜հ, պարոն Մելիքյան, հիմա լրագրողը վատ լուրի կարիք չունի, հակառակը՝ հիմա մի լավ լուր ենք փնտրում, որ հույս տանք մարդկանց, առանց այն էլ ժողովուրդն այս օրերին ռազմական ինֆորմբյուրոյի տարափի տակ է:
-Բա հիմա, ինչ եք ուզում, որ ասեմ: Էս 25 տարի կրակոցների տակ ենք էլի, ստեղ նորություն կա՞:
-Խոսքն ինտենսիվ կրակոցների մասին է, մեր այս վիճակում սարսափելի կլինի երկրորդ ճակատի բացվելը: Կխնդրեի այս վատ լուրը ժխտեք կամ հաստատեք:
-Է՜հ: Բռնեցիք քնից էլ իզուր արթնացրիք, ախր սաղ գիշեր մի րոպե աչք չենք կպցրել: Գիշերը այո, հատուկենտ կրակոցներ եղել են, բայց գյուղի ուղղությամբ ոչ մի արկ էլ չի նետվել: Խաղաղ է:
-Իսկ էդ կրակոցները քանի ժամ են տևել:
-Մի ժամ, 18 րոպե:
-Ավերածություններ , վիրավոր կա՞:
-Չէ, չէ, բան չկա: Ասում եմ գյուղին չի հասել: Բայց որ ոչ մի բան չի ավերվել, քո էս նյութը դժվար կկարդացվի, բրախի:
-Պարոն գյուղապետ, բայց Ձեզ ինչո՞ւ է թվում, թե լրագրողն էս երկրի թշնամին է, ինչու մենք կուզե՞նք, որ մեր երկրի մատը փուշ մտնի:
-Է՜հ, չգիտեմ, չգիտեմ, սրա վերջը Բաքուն ա, Բաքուն, պիտի աչքները հանենք մտնենք Բաքու, որ իմանան:
-Լավ հումոր ունեք, պարոն Մելիքյան:
-Ինչի՞ ա հումոր, հեսա կտեսնես, որ էդպես էլ լինելու ա, էնքան բան ունենաս գրելու, որ թանաքդ պրծնի: Բայց էս պահի դրությամբ էս կողմի վրա անհանգստանալու շատ բան չունենք, ինտենսիվ չեն կրակոցները, կոթեցիք էլ մի մարդու պես սաղ տեղում են:
ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ
-Պարոն գյուղապետ, Ներքին կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների սահմանային դիրքում պայմանագրային զինծառայող է, այո՞, ծանր վիրավորվել:
-Այո, 1979 թվականի ծնված Արթուր Ժորայի Ադամյանը:
-Բա ո՞նց է հիմա վիճակը:
- Բերդի զինվորական հոսպիտալում է, վիրահատել են, տեսնենք: Մնացածը բժիշկները, Պաշտպանության նախարարությունը կասեն:
- Իսկ ի՞նչ դրություն է գյուղում, կրակոցներ կա՞ն:
- Մեզ մոտ վիճակը հանգիստ է, փառք Աստծո, դեռ հանգիստ է: Ապաստարանները՝ դատարկ, երեխաներն էլ՝ մանկապարտեզում, դպրոցում: Հիմա բոլորիս սիրտը Ղարաբաղում ա, մեր մասին մոռացել ենք: Բոլորս հեն ենք շունչներս պահած, լուրերից կպած: Բայց մեկ ա, միայն հաղթանակով պիտի վերջացնենք: Էս կռվին ուրիշ ավարտ ոչ եղել ա, ոչ էլ կլինի:
ՊԱՌԱՎԱՔԱՐ
-Պառավաքա՜ր, գյուղապետ Ռոլանդ Մարգարյան, հաղորդեք:
- Ինչ հաղորդեմ, էդ ո՞վ ա:
-Ռազմաճակատից թարմ նորություններ հաղորդեք, պարոն գյուղապետ, ես լրագրող եմ:
-Ես ուր եմ, որ տենց հարցերի մասնակցեմ:
-Ո՞ւր եք:
-Սարերում եմ, ուր եմ:
-Բա սարերում ի՞նչ եք անում:
-Ջուր ենք քաշում, սառը ջո՜ւր:
-Այ քեզ հրաշք: Ես էլ տասը տարի գրում էի՝ պառավեցինք ասելով, Պառավաքարին ջուր տվեք: Բայց խմելու ջուր եք քաշում, չէ՞:
-Ուզում ես խմի, ուզում ես լվացք արա: Մենակ պռավես ոչ:
-Այ, հիմա հենց ասեք, որ ձեզ մոտ էլ վերջին օրերին կրակոց չի եղել, ինձ էլ պառավել չկա:
-Խաղաղ ա, խաղաղ, ծպուտները դուրս չի եկել էս քանի օր ա:
-Դե տեսնում եք, երկու լավ նորություն գտա մի գյուղից. հերիք չի կրակոց չկա, ամբողջ գյուղն էլ վաղվանից մեծ լվացք կսկսի:
-Չէ, շատ մի ուրախացի, ընդամենը մի թաղամասը կսկսի, մնացողը սրանց լվացքը պիտի փռի:
-Վայ, ինչո՞ւ, Պառավաքարի ջրի վիշապն անմա՞հ է, ինչ է:
-Հա, մի թաղամասում ենք դեռ քաշում:
-Ինչո՞ւ:
-Դե փողը տուր նրանց էլ քաշենք, էս ինչ հարցեր ես տալիս:
-Բա այդ մի թաղամասը ի՞նչ միջոցներով եք ջրաֆիկացնում: Փողը որտեղի՞ց:
-Էդ ա. աղքատին միշտ կասեն՝ որտեղից, հարուստին էլ՝ շնորհավոր: Հիմի կապդ կտրում եմ: Գործի մեջ ենք, ժամանակ չկա:
ՄՈՎՍԵՍ
-Բարև Ձեզ, պարոն Ավալյան, էլ չասեմ, չէ՞, ով է ձեզ հետ խոսում, ձայնիցս պիտի որ ճանաչեք:
-Հա, գլխի եմ գլխի. հարցերդ ասա:
-Հարց առաջին՝ ո՞նց եք:
-Շնորհակալ եմ, Դուք լավ լինեք:
-Գլխավոր հարց. Մովսես գյուղի դրությունն այս պահին:
-Կայուն լարված:
-Դա ո՞րն է:
- Հարաբերական հանգիստ:
-Հիմա ավելի կոնկրետ. ձեր գյուղից ի՞նչ հաղորդեմ:
-Ասեք լավ են, լավ են, առայժմ խաղաղ է, թուրքերի ձեռն էլ զենք մնա՞ց, որ կրակեն, տարան իրենց ձեռքով Ղարաբաղին հանձնեցին: Թե ասա էդ խելքով ի՞նչ գործ ունես լուրջ զենքի հետ, այ…
-Դե լավ, ուրեմն հենց էդպես էլ կհաղորդեմ. Տավուշի մարզի Մովսես գյուղից հարևան ադրբեջանցիներին, հույժ գաղտնի հաղորդագրություն. հարևան, էդ խելքով ի՞նչ գործ ունես զենքի հետ:
-Դու կհաղորդես, կհաղորդես: Ես քեզ լավ գիտեմ արդեն:
ԱՅԳԵՊԱՐ
-Ալո, ալո՜, Այգեպար, գյուղապետ պարոն Այդինյանը կարդացե՞լ է «Ալո Այգեպար» վերնագրով մեր հրապարակումը:
-Հա, հա, կարդացել է: Խոսացրիր, խոսացրիր, հետո տարար խայտառակ արիր:
-Վայ, ինչ խայտառակ, ես ահագին զարմացա, որ Դուք այդ փիառ-ակցիայից հետո պաշտոնի կտրուկ բարձրացում չարձանագրեցիք:
-Լավ, լավ, էսօր իսկի տրամադրություն էլ չունեմ, էդքան ջահելներ կորցրինք Ղարաբաղում:
- Հիմա գանք Այգեպարին, ո՞նց է վիճակը, անհանգիստ ենք ձեզանից:
-Փառք Աստծո, հանգիստ է, առայժմ հանգիստ է:
-Էս մի քանի օրն էլ է հանգիստ անցե՞լ:
-Հա, հա խաղաղ է: Ժողովուրդն էլ իր հանրօգուտ աշխատանքներն է կատարում:
-Էդ ո՞րն է, Այգեպարն իսկի հող չունի, որ գոնե վարուցանք անի:
-Ինչի՞, որ հող չունի, չպիտի՞ հանրօգուտ աշխատանք անի: Այգեպարը սահման ա պահում, սահման: Էն, որ դեռ էստեղ մարդ ա ապրում, դա արդեն շատ հանրօգուտ աշխատանք է:
-Լրիվ համաձայն եմ, տասը զրո հօգուտ Ձեզ։
ՉԻՆԱՐԻ
-Պարոն Սաղոյան, ես որպես լրագրող միանգամայն լրջորեն որոշեցի Տավուշի սահմանամերձ գյուղերի այսօրվա վիճակը հասկանամ, էն էլ ձեր գյուղապետերն էնքան հումոր արեցին, որ էս ծանր վիճակում կվախենամ արդեն նրանց խոսքերը հրապարակեմ:
-Չէ, չէ, ինձնից արխային կաց: Ես շատ լուրջ կխոսեմ: Սկսե՞մ:
-Ինչը սկսեք, դեռ հարց չեմ տվել:
-Չէ, հարցը կարևոր չի, դու մենակ ձայնագրիչդ միացրու, մնացածի հետ դու գործ չունես:
-Հա՞, հարց բան պետք չի՞ Ձեզ:
-Դե ասում ես լուրջ, ես էլ լուրջ կխոսեմ էլի, ինչ հարց:
-Խնդրեմ, խոսեք:
- Փառք ու պատիվ իմ ժողովրդին. ես ինձ իրավունք եմ վերապահում իմ ժողովուրդ ասել, որովհետև Չինարին ոչ մի բանից չի հուսահատվում, չի ընկճվում: Այս պահին էլ մի մարդու նման ամբողջ գյուղը կանգնած է. մանկապարտեզը գործում է, դպրոցը գործում է, մարդիկ իրենց աշխատանքներին են, փառք մեր զինվորներին…
-Լավ, շնորհակալություն, բայց Ձեր թույլտվությամբ մի հարց, այնուամենայնիվ՝ տամ…
-Սպասի: Ես դեռ չասեցի, որ մեր հոգին անկոտրում է, և մենք ոչ մի դժվարության առաջ երբեք չենք ընկրկի: Մենք արհամարհում ենք ոսոխի գնդակներին: Մենք կամք ունենք և ամուր ենք ու ամբողջ ժողովրդով մեր բանակի կողքին կանգնած: Անգամ մեր կանայք, մեր աղջիկները բերված են մարտական առաջին պատրաստվածության:
-Կեցցեք, իսկ այս պահին…
-Հա, ես հպարտ եմ, որ այս պահին Չինարին այսպես անդրդվելի կանգնած է…
-Փաստորեն, կրակոց բան չկա, չէ՞:
- Ոսոխը միշտ արթուն է, ոսոխը չի քնում: Բայց թուրքի աչքը մենք կարողացել ենք վախացնել: Քիչ չենք է՜, հազար հոգի ենք, զինվորներն էլ մեզ հետ, մի մեծ, ներկայանալի բանակ: Կերազեի, որ դու հիմա այստեղ լինեիր ու ես ու դու երեկոյան նայեինք մեր դիմացի ադրբեջանական դատարկված գյուղերին, ուր մի քանի օր է ոչ մի լույս չի վառվում դրանց տներում: Փախել են, չկան, հատել են, կորել…
-Իսկապե՞ս:
-Ես որպես համայնքի ղեկավար, սա պաշտոնապես եմ հայտարարում: Բա գյուղապետը սուտ բան կասի՞:
ՎԱՐԴուհի Սիմոնյան