Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ինչպես ԼՂ շփման գծում արձագանքեցին հրադադարի մասին լուրին. «Медуза»-ի թղթակցի ռեպորտաժը

$
0
0

Ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադար հայտարարվեց։ Ղարաբաղում գտնվող ու հակամարտությունը լուսաբանող լրագրողներն այդ մասին տեղեկացան հենց դիրքերում։ Այդ թղթակիցերի թվում եղել է նաև «Մեդուզա»-ի հատուկ թղթակից Իլյա Ազարը։

 

Նրա անդրադարձը ներկայացնում ենք կրճատումներով.

 

«Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցի մոտ ապրիլի 5-ի առավոտյան սկսում են հավաքվել լրագրողները։ Նրանք ցանկանում են մեկնել շփման գծի հարավային մաս։ Այնտեղ տանել են խոստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

 

Այցին սպասող լրագրողներին զբաղեցնում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք 100 տոկոսով չենք կարող երաշխավորել ձեր անվտանգությունը»,- լրագրողների վախեցնում է  նա ու The New York Times-ի թղթակից Էնդրյու Քրամերին հարցնում՝ «զրահաբաճկոն և սաղավարտ ունե՞ք»։

 

-Ունենք։

-Իսկ զե՞նք։

- Ո՛չ իհարկե։

-Իզուր, կարող էր պետք գալ,-ասում է Բաբայանն ու ծիծաղում։

 

Վերջապես առավոտյան 11։00-ի մոտ կենտրոնական հրապարակ է գալիս սպիտակ «Նիվան», որին պետք է հետևեին լրագրողները։ Լրագրողների այցն սկսվում է։

 

Հադրութ

 

Մեր շարասյանն առաջնորդող «Նիվան» կանգ  է առնում Հադրութում՝ շրջկենտրոն ԼՂՀ-ի հարավում, որտեղ բնակվում է մոտ 3000 մարդ։ Չնայած ռազմական հակամարտությանը՝ մարդիկ այստեղից չեն տարհանվել։ Փողոցներում դատարկ է, հատուկենտ անցորդները լրագրողների ձեռքբերումն են դառնում։


-Այստեղ մեզ ռմբակոծում էին, սակայն այժմ նկուղն եմ պատրաստում՝ ծանր պահերի համար,-ինձ պատմում է տարեց տղամարդ Վլադիմիր Նարիմբանդյանը։

 

-Իսկ դուք այն օգտագործե՞լ եք որպես ապաստարան։

 

-Այո, 1992-1994 թվականներին, երբ պատերազմ էր, մենք այդ ամբողջ ընթացքում այնտեղ էինք՝ երեխաների ու տարեցների հետ։

 

- Քաղաքն ադրբեջանցիները գրավե՞լ էին։

-Այստեղ չեկան, սակայն այնպես էին ռմբակոծում, որ գրեթե ոչ մի անվնաս տուն չէր մնացել։ Ես 70 տարեկան եմ, և եթե պետք լինի՝ այժմ էլ պատրաստ եմ կռվել։ Տարիքը խոչընդոտ չէ։

 

Նրա որդին այժմ մարտական գործողությունների մեկ այլ էպիկենտրոնում է՝ Մարտակերտի շրջանում։


-Նա կռվել է առաջին պատերազմի ընթացքում, այժմ երկրորդ խմբի հաշմանդամ է, սակայն պատրաստ է մարտին,-ասում է Նարիմբանդյանը։

 

Փողոցում առաջնագիծ մեկնելուն սպասող լրագրողներին մոտենում է երիտասարդ մի աղջիկ՝ ջինսով ու պարանոցին վառ շարֆով։ «Անունս Անի է։ Ես պատմական թանգարանի տնօրենն եմ և կցանկանայի ձեզ ցույց տալ այն»,-ասում է նա՝ դիմելով միանգամից 4 լրագրողների։

 

-Հադրութի պատմական թանգարա՞ն,-թերահավատությամբ ճշտում է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Իլյա Բարաբանովը։

 

-Ահա, դուք այնտեղ կարող եք համոզվել, որ Ղարաբաղը մեր հողն է։ Մենք այնտեղ ապրել ու ապրելու ենք,-ասում է Անին։

 

-Նա պատմում է, որ իր հայրն ու հորեղբայրը (նա կամավոր է) այժմ կռվում են ճակատում։
Նրա աչքերում արցունքներ են հայտնվում։

 

-Դուք հորեղբորը չհամոզեցի՞ք։ Չէ՞ որ այնտեղ վտանգավոր է։

 

-Վտանգավո՞ր,-չի հասկանում նա,-Հետ չենք պահել, իհարկե։ Իսկ արցունքները պարզապես այն բանի համար են, որ մենք շատերին ենք թաղել։ Մենք չենք վախենում այստեղ ապրել, սակայն մտահոգվում ենք մեր տղաների համար։

 

Տեղի բնակիչներից Նելսոնը պատմում է, որ իր ներսում դեռ առաջին պատերազմից փամփուշտ է մնացել։

 

-1993 թվականի վաղ առավոտյան դիվերսիոն խումբը մեզնից խլեց դիրքը, երկու ժամ անց մենք գրոհեցինք ու այն հետ վերցրինք, բայց արդեն առանց ինձ, քանի որ վիրավոր էի։ Բժիշկն ասաց, որ փամփուշտն ինձ ավելի քիչ կխանգարի, քան սպին,-պատմում է Նելսոնը։

 

-Ադրբեջանցիներին թվում է, թե նրանք խնդիրը կլուծեն ռազմական ճանապարհով, սակայն այդպես չէ։ Մենք երբեք չենք վերջանալու, և նրանք էլ։ Պարզապես յուրաքանչյուր 15-20 տարին մեկ սպանելու ենք միմյանց, եթե այս հարցը վերջնականապես չփակվի,-ասում է նա ու հավելում, որ իր 19-ամյա որդին այժմ ճակատում է։

 

-Չե՞ք վախենում որդու համար։

 

-Իսկ ի՞նչ անել, եթե պատերազմ է սկսվել։ Ինքս 90-ականներին Երևանում էի աշխատում, սակայն երբ տեսա, թե ինչպես են նրանք մտնում իմ քաղաք, այնպիսի հույզեր էին, որ Երևանում մնալն անհնար էր։

 

Վերջապես լրագրողներին է մոտենում ԼՂՀ պաշտպանական բանակի ներկայացուցիչն ու սկսում է ցուցումներ տալ. «Մեր խնդրանքն ընդունեք որպես հրամաններ։ Պետք է դրանց հետևել, քանի որ մենք գնում են մարտական գործողությունների անցկացման վայր։ Ամեն ինչ կարող է պատահել»։

 

... Սպաներից մեկը՝ Արմենը, ինձ պատմում է, որ նախորդող օրերին ադրբեջանցիներն այս դիրքերի ուղղությամբ կրակել են ամբողջ օրը՝ կես ժամը մեկ։ «Այսօր վաղ առավոտյան վերջին անգամ կրակեցին»,-ասում է նա։

 

Լռություն է տիրում։

Երբ լրագրողները փորձում են խոսեցնել զինվորներին, ինչ-որ մեկն ասում է, որ հրադադար է հաստատվել։ Լուրն արագ տարածվում է դիրքերում։

 

Հրադադարը
 

-Ինչո՞ւ զինվորները չեն ուրախանում, որ հրադադար է հաստատվել,- հարցնում է առաջին անգամ պատերազմ եկած լրագրող Սեմյոն Զակրուժնին:


Մենք վերադառնում ենք մեքենաների մոտ։

-Հրադադար է հաստատվել, գիտե՞ք։ Ի՞նչ եք մտածում այդ մասին,-հարցնում է Սեմյոն Զակրուժնին՝ տեսախցիկը մոտեցնելով վարորդին։

-Հրադադարը լավ բան է, ուրախալի լուր է, շնորհակալություն,-ասում է նա, Սեմյոնը նկարում է,-Բայց, իհարկե, ափսոս տղաներին...»։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>