ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ուսումնասիրել «Պանամական արխիվի» փաստաթղթերը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տեղեկություն ստանալու համար, ովքեր հնարավոր է՝ օգնել են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, հաղորդում է Bloomberg-ը։
Այդ մարդիկ կամ ընկերությունները կարող են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ընդգրկվել «սև ցուցակում»։ Սպասվում է, որ Ֆինանսների նախարարությունը կներկայացնի պատժամիջոցների ընդլայնված ցանկը հունիսին, երբ Եվրամիությունը քննարկելիս կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական երկարաձգման հարցը։
Ինչպես Bloomberg-ին հայտնել է ֆինանսական քաղաքականության հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Պիտեր Հարելը, «Պանամական արխիվը» կօգնի Ֆինանսների նախարարությանը «հավաքել ապացույցների բազա» ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների խախտումների մասին:
Գերմանական Sueddeutsche Zeitung-ն ավելի վաղ հրապարակել է Mossack Fonseca պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք, ինչպես պնդում է թերթը, վկայում են օֆշորային սխեմաներին մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մերձավորների ներգրավվածության մասին։
Մասնավորապես՝ լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։ Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։