Apple ընկերությունն օգնել է ամերիկյան իշխանություններին կոտրել ավելի քան 70 iPhone։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Վաշինգտոնի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է 2008 թվականին։
Այդ ժամանակ դատախազությունն առաջին անգամ դիմել է Apple-ին՝ խնդրելով Վոթերթաուն քաղաքում երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին գործի հետաքննության շրջանակում կոտրել կասկածյալի սմարթֆոնը։
Ամեն ինչ փոխվել է 2013 թվականին հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Apple-ի ղեկավարությունն այդ ժամանակ որոշել է ուժեղացնել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը և դադարել է բավարարել Հետաքննությունների դաշնային բյուրոյի դիմումները:
Այս բոլոր մանրամասներն առկա են ԱՄՆ արդարադատության նախարարության հետ դատական գործի շրջանակներում Apple-ի ներկայացրած փաստաթղթերում: Ընկերությունը մերժել է բյուրոյի փորձերը՝ պարտավորեցնել իրեն կոտրել ահաբեկիչ Սաիդ Ֆարուքի հեռախոսը, ով հարձակումներ էր իրականացրել Սան Բերնարդինոյում: Այնուհետև հատուկ ծառայությունների գործակալները կարողացել են ինքնուրույն կոտրել սմարթֆոնը և հետ են կանչել հայցը։