Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման լուրի հղումը տեղադրեցի սոցցանցի իմ էջում հետևյալ գրառումով՝ ,,Ներքին խրամատները վերացնելու ժամանակը,,: Արձագանքը տարաբնույթ էր: Փորձեցի հասկանալ բոլորին մեկ առ մեկ: Ու նաև դրա հետ մեկտեղ ինքս իմ համար հերթական անգամ պարզեցի, թե ինչու՞ ենք մենք այսքան տարի ճահճի մեջ և ինչի՞ց է, որ մեր քայլերի արդյունքում ճահիճը վերանալու փոխարեն խորանում է:
Դա լինում է այն պարզ պատճառով, որ մենք քաղաքական շախմատ խաղալ չգիտենք. մերը կտտոց-չապաև խաղն է. ուր չկա ռազմավարություն, հեռատեսություն, քայլերի կոմբինացիա, իրավիճակից օգտվելու կարողություն, ուրիշներին քո նպատակին ծառայեցնելու հմտություն, դեպի դարան տանող նահանջ, շեղող գրոհներ, քեզ համար բարենպաստ իրավիճակի ստեղծման հրահրում, այլոց ստվերային միջնորդավորված կառավարում, համակիր շարժերի ընդհատակյա խթանում և հզորացմանը նպաստում և այլն, և այլն:
Կտտոց-չապաևը դյուրին է՝ տեսա՞ր՝ գոռգոռալով գրոհիր: Ոչինչ, որ կջլատվես ու ճահիճդ կխորացնես, կարևորը հերոսաբար գրոհելն է...
Այս մոտեցումը մեզ կործանում է տանելու, և հարկ է, որ վերջապես աղմկարար չապաևականներին փոխարինելու գան քաղաքական շախմատիստները: