Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, բայց այլ հնարավորություններ կան. կարող ենք դիմել սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարյուրավոր անհատական դիմումներով:
Այս մասին այսօր լրագրողների հետ քննարկման ընթացքում միահամուռ եզրահանգման եկան ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, իրավաբան, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Ալիկ Ավետիսյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 18 հայ զինվորների մարմիններ Ադրբեջանը վերադարձրել է խոշտանգման հետքերով և այդ մարմինների դատաբժշկական փորձաքննությունները դեռ պետք է իրականացվեն՝ պարզելու՝ նրանք կենդանության օրո՞ք են խոշտանգվել, թե անարգվել մահվանից հետո:
Ըստ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանի` չի բացառվում, որ մեր զինվորների մահը վրա է հասել կենդանության օրոք նրանց խոշտանգելու արդյունքում, ոչ թե դիակներն են անարգվել:
«Բայց չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել, և հետագայում մահը վրա է հասել խոշտանգումների արդյունքում, ինչը կհայտնաբերվի քննության արդյունքում»,-ասաց նա։
Ալիկ Ավետիսյանը նշեց, որ շատ կարևոր է պարզել, թե ինչ իրավական շրջանակներում ու մեխանիզմների միջոցով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել` կախված փորձաքննության պատասխաններից: Մյուս խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիայի առաջին արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը` Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ Հայաստանն այդ զինվորների և նաև այլ փաստերով չի կարող դիմել Միջազգային քրեական դատարան։
ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը նկատեց, որ թեպետ Հայաստանի չի կարող դիմել, բայց կա որոշակի ընթացակարգ։
«Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է դիմել դատարան, որը պարտավոր է քննել այդ գործը: Եվ միայն դիմելը մեր բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Չնայած դրան, նա կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կմերժի այդ հայցը ներկայացնել Հաագա՝ նկատելով, որ մեծ ծավալի նյութեր չի պարունակում:
Սակայն նա հուշեց այլ ուղղություններ և առաջին հերթին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Հարյուրավոր դիմումներ ներկայացնենք, որից հետո Հայաստանը կարող է երրորդ կողմ ներգրավվել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը` ում ամփոփմամբ հայկական կողմերը 3 ուղղություններով պետք է փաստահավաք առաքելություն իրականացնեն ու ապացույցներ հավաքեն:
Ըստ պատգամավորի` առաջինը՝ ապացուցել, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ Ադրբեջանի կողմից, ապացուցել, որ տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ, որոնց մեջ մտնում են նաև միջազգային հումանիտար իրավունքի խախտումները և երրորդ՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստերը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, որը որոշ ճանապարհ է անցել Մարաղայի հարցով ՄԱԿ-ի պատկան հանձնաժողովներին դիմելու հարցում, նկատեց, որ «Արցախում պետք է վերին աստիճանի մանրակրկիտ և մասնագիտացված փաստահավաք աշխատանք իրականացնել», ինչին թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի իրավաբանները միտված են:
Նա նաև կարևոր է համարում, որ ՄԱԿ-ն իր ունեցած մեխանիզմներով ու հանձնաժողովներով հատուկ զեկույցներ պատրաստի և Ադրբեջանի գործողություններին անդրադառնա:
«Միջազգային սկզբունքներից մեկն այն է, որ եթե հանցագործությունը տեղի է ունեցել, պատասխանատվությունը և պատժամիջոցները պետք է վրա հասնեն»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Մանավանդ որ, ըստ նրա, 1948 թվականից այս կողմ ոչ մի պետություն նման ցուցադրական ձևով չի հակադրվել ողջ քաղաքակիրթ աշխարհին ու հումանիտար իրավունքի նորմերին:
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ նշեց, որ նշված զինվորների մարմինների վերաբերյալ անպայման պետք է եզրահանգում տրվի, որովհետև կենդանության օրոք խոշտանգման և մահվանից հետո անարգման դեպքում հայ իրավաբանները տարբեր հղումներ կարող են անել միջազգային իրավունքի նորմերին:
Միայն թե, ըստ նրա, այս անգամ անհրաժեշտ է հետևողական լինել ու գործը մինչև վերջ հասցնել: