Ներքին շուկայի և արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և նորարարությունների, կրթության և մշակույթի, մարդասիրական օգնության և շրջակա միջավայրի ու ձկնորսության հարցերով եվրահանձնակատարները կընդգրկվեն ապրիլի 16-ին Իրան այցելող Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած Եվրահանձնաժողովի պատվիրակության կազմում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Եվրահանձնաժողովը:
Բացի եվրոպական դիվանագիտության ղեկավարից՝ Թեհրան կայցելի ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Էլժբետա Բյենկովսկան, տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլցը, էներգետիկայի և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն, գիտության և նորարարությունների հարցերով եվրահանձնակատար Կարլոսա Մոեդաշը, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատար Տիբոր Նավրաչիչը, մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը և շրջակա միջավայրի, ծովային գործերի և ձկնորսության հարցերով եվրահանձնակատար Կարմենու Վելան:
«ԵՄ պատվիրակությունը կքննարկի պոտենցիալ համագործակցության և փոխգործակցության ոլորտները, որոնք ներառում են տնտեսական հարաբերությունները, էներգետիկան, շրջակա միջավայրը, միգրացիան, թմրանյութերը, մարդասիրական օգնությունը, տրանսպորտը, քաղաքացիական պաշտպանությունը, գիտությունը, մշակույթը և խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Եվրահանձնաժողովը նշում է նաև, որ օրակարգում կլինեն տարածաշրջանային և մարդու իրավունքներին առնչվող հարցեր։