Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբից տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը կազմում է 125, որից ծայրահեղ ծանր է գնահատվում 5 հոգու վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ:
«Ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում: Բոլորի վիճակը վերահսկվում է մասնագետների կողմից՝ մասնավորապես Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից»,-ասաց նա:
Հարություն Գալստյանը նաև տեղեկացրեց, որ վիրավորումների գերակշիռ մասի մոտ առկա է բեկորային վնասվածքներ:
«Կենտրոնական հոսպիտալում գտնվող վիրավորներից երկուսի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր: Դուրս են գրվել երեք զինծառայողներ, չնայած կան այլ ապաքինվածներ ևս, սակայն չենք շտապում դուրս գրել, քանի որ պետք է հասկանանք՝ հետագա ինչ բուժօգնության կարիք կունենա զինվորը»,-ասաց նա:
Հարություն Գալստյանը նշեց, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանց վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն: