Հուշարձանների միջազգային օրվա կապակցությամբ կայացավ ՀՀ մշակույթի նախարարության «Հայկական հուշարձանների տեղեկատու շտեմարան» կայքի շնորհանդեսը: ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ շտեմարանը բավականին բարդ, պատասխանատու և լուրջ գիտական աշխատություն է: Այն հասանելի է ոչ միայն մասնագիտական նեղ շրջանակների, այլև հայ և օտարերկրյա գիտնականների ու հասարակական լայն զանգվածների համար:
«Կայքը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված և կազմված 2002-2005 թ.թ., 2007 թ. ցուցակների հիման վրա, որոնցում ներկայացված են Երևանի և Հայաստանի մարզերի՝ պետական հոգածության տակ վերցված 24.225 պատմամշակութային անշարժ հուշարձան, ինչպես նաև լրացուցիչ ցուցակներում ներգրավված 500 նորահայտ հուշարձան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սիմոնյանը: Կայքում ներկայացված են հուշարձանների պետական ցուցիչը, անվանումը, թվագրումը, վայրը, ներկայիս վկայագրեր , լուսանկարները և այլն: Շտեմարանում ներառված տեղեկատվությունը զուգահեռաբար խմբագրվում, թարմացվում և լրամշակվում է նոր նյութերով: «Այժմ ընթանում է ՀՀ մարզերի 4.201 հուշարձանների վերաբերյալ 4.307 կադր լուսանկարների ներմուծման աշխատանքները: Նույնքան աշխատանք սպասվում է նաև առաջիկա տարվա ընթացքում՝ համալրելու «Հայկական հուշարձանների շտեմարան» վեբ-կայքը»,- հավելեց կենտրոնի ղեկավարը:
Վեբ կայքի համակարգող Հասմիկ Կարապետյանը ավելացրեց, որ կայքը գործում է երեք լեզուներով ` հայերեն, անգլերեն, ռուսերեն: Հայերեն տարբերակում արդեն առկա է 10.000-ից ավելի սև-սպիտակ լուսանկար. մեծ քանակությամբ լուսանկարներ ներբեռնման գործընթացի մեջ են:
Սիմոնյանը նաև նշեց, որ կայքն արդեն երկրորդ անգամ ադրբեջանցիների կողմից ենթարկվում է կիբեր հարձակման: Առաջին անգամը եղել է 2013 թ., իսկ երկրորդը՝ օրեր առաջ: Այնուամենայնիվ, համապատասխան պաշտպանվածության շնորհիվ կայքն անմիջապես արգելափակվել է, և ոչ մի ինֆորմացիա չի կորել: