Իտալական Rai News 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ պատմելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը կանգնեցրել է շփման գծի երկայնքով չորս օր տևած ռազմական գործողությունները մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:
Լրագրողը նշում է, որ ռազմական գործողությունների հետևանքով՝ և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը տասնյակ զոհեր են ունեցել: Լրագրողը, վկայակոչելով ԼՂՀ իշխանություններին, նշում է, որ նախորդ գիշեր ևս՝ թեկուզև հրադադարից հետո ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքով երկու զինվոր է սպանվել և նշում է, որ Բաքուն հերքում է մեղադրանքները:
Իտալացի լրագրողը նշում է, որ նոր զոհերը ապակայունացնում են առանց այդ էլ փխրուն հրադադարը Ստամբուլում իսլամական պետությունների մասնակցությամբ վեհաժողովի ֆոնին:
«Բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայությանն այլընտրանք չկա,- լրատվամիջոցին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը,- ներկայություն, որին դեմ է Բաքուն: Շավարշ Քոչարյանն այնուհետև հավելել է, որ հարկավոր է ուժեղացնել շփման գծի երկայնքով մոնիտորինգ իրականացնող խումբը՝ սադրանքներից և մեղադրանքներից խուսափելու համար, թե ով է խախտում հրադադարը: