Երևանում ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի ընթացող երթը ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում է, որպես Ռուսաստանի դեմ տեղի ունեցող շարժում։ Թքած ունեն ադրբեջանցիները թե ռուսների վրա, թե Լևոն Հայրապետյանի։ Բայց խաղալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների օգտին՝ մի ուղղություն է, որը նույնիսկ ամենաանհավանական լավ երազում Ալիևը չէր տեսել։ Հայաստան, որը չունի Ռուսաստանի աջակցություն, սա այն Հայաստանն է, որի ոչնչացումը կարող է լինել չափազանց հեշտ խնդիր։
Լիներ Ռուսաստանը ավելի հետևողական ու պատասխանատու տարածաշրջանում իր քաղաքականության մեջ, չէին ունենա ադրբեջանցիները նույնիսկ առիթ նման կրակի մեջ բենզին լցնելու համար։ Սակայն ունենք այն ինչ ունենք. ունենք Ռուսաստան, որը հավասարություն է դնում Հայաստանի ու Ադրբեջանի մեջ ու փորձում միաժամանակ, իր ազդեցությունը չկորցնել տարածաշրջանում՝ փորձելով բարձր պահել նաև հեղինակությունը որպես խաղաղության ապահովող։
Ռուսաստանի վարած քաղաքականությունից օգտվում են այսօր ով ասես՝ թե ադրբեջանցի քարոզիչները, ովքեր իրենց երազանքը՝ անռուսաստան Հայաստան ստանալու համար չեն խնայի ոչ մի ռեսուրս, թե Հայաստանի ներքին դաշտում գործող մի շարք քարոզիչներ։ Վերջիններիս նպատակը փոքր ինչ անորոշ է։ Եթե Ադրբեջանի բյուջեի հույսին նստած բազմաթիվ լրատվականները ցանկանում են ստանալ Հայաստան, որն ի վիճակի չէ պահելու Ադրբեջանի 600 կմ երկարության սահմանից բացի նաև մոտ 250 կմ երկարության Թուրքիայի սահմանը, էլ չասած չի կարող դիմակայել Թուրքիայի հարձակմանը Հայաստանի դեմ, ինչպես այսօր չի դիմակայում ոչ Իրաքը, ոչ Սիրիան, ապա տեղական քարոզիչների նպատակը փոքր ինչ անորոշ է։ Հավանաբար նպատակ ունեն պակասեցնել Ռուսական ազդեցությունը Հայաստանում ու որոշակի կտրվածում հասնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակմանը՝ տեսնելով դրանում Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն դեպի արևմուտք/ԵՄ/ԱՄՆ՝ ով ոնց կհասկանա այս «արևմուտք» եզրույթը։
Շատ բարի։ Եկեք ասոցացվենք ԵՄ հետ։ Ի՞նչ ասոցացում։ Մտնենք ԵՄ կազմ։ Խորացնենք համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ի՞նչ խորացնել։ Մտնենք ՆԱՏՕ-ի կազմի մեջ՝ ինչու ոչ։ Սակայն մի քանի հարց կա, որ առաջանում են այս ժամանակ.
ՀԱՐՑ 1. ԵՄ-ում տեղյակ ե՞ն, որ ուզում ենք ԵՄ մաս կազմել։
Արդեն շուրջ 12 տարի է, ինչ Վրաստանը ճչչում է ԵՄ-ին, որ իրեն զգում է ԵՄ-ի մաս։ Ամեն իրեն հարգող բենզալցակայան ու արևածաղկի «լարյոկ» իրեն պարտական է համարում իր տարածքում ԵՄ-ի դրոշը ցուցադրի։ Նույնիսկ պետհամարանիշներն են ձևաորել են ԵՄ համարանիշների պես։ 12 տարի անընդմեջ։
ՄԵՆՔ. - Երբ են վերջապես մտնելո՞ւ ԵՄ կազմ։
ԵՄ. - Մոտ ապագայում՝ երբեք։ Վրաստանը ասոցացվեց, ու ունեն մի շարք առավելություններ՝ ազատ առևտուր են անում ԵՄ-ի հետ ու ազատ ճանապարհորդում։
ՄԵՆՔ - Հայաստանն էլ է օգտվում՝ պարզեցված համակարգող այցելում է ԵՄ երկրներ ու հյուրեր ընդունում, GSP+ համակարգով պարզեցված առևտուր է իրականացնում։ Ու չի ասոցացվել։ Ուզում էինք ասոցացվել, նույնիսկ ընդունեցինք բոլոր ԵՄ օրինագծերը՝ առանց քննարկման, առանց գիտակցելու օգտակար են դրանք մեզ, թե հակասում են ազգային շահերին։ Պահանջու՞մ եք վերացնել մահապատիժը՝ վերացնում ենք։ Պահանջու՞մ եք մտցնել այլընտրանքային ծառայություն՝ մտցնում ենք։ Պահանջու՞մ եք արտոնել կրոնական աղանդները՝ արտոնում ենք։ Բայց, ընկերներ, մենք կիսապատերազմական իրավիճակի մեջ ենք Թուրքիայի հետ։ Կարո՞ղ եք մեզ օգնել այս հարցում։
ԵՄ - Ոչ։ ԵՄ-ն զուտ տնտեսական կառույց է, ու ունակ չէ լուծելու իր անդամների ռազմական խնդիրները։ Վերջակետ։
ՄԵՆՔ - Իսկ ո՞վ կարող է օգնել։
ԵՄ - Դիմե՛ք ՆԱՏՕ։
ՀԱՐՑ 2. ՆԱՏՕ-ն տեղյակ է՞, որ ուզում ենք իրենց անդամակցել։
ՆԱՏՕ-ն ռազմական կառույց է, որը միավորում է Եվրոպայի պետությունների մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Կանադան։ Եվրոպայի հզորագույն անդամներն են Մեծ Բրիտանիան ու Թուրքիան։
ՄԵՆՔ. - Ընկերներ, բայց հենց Թուրքիայի հետ ենք կիսապատերազմական վիճակի մեջ։ Հենց Թուրքիան է, որ 23 տարի է շրջափակման մեջ է պահում Հայաստանը։
ՆԱՏՕ - Ոչինչով չենք կարող օգնել։ Փորձեք Թուրքիայի հետ խոսեք, մի գուցե լուծեք ձեր խնդիրները։
ՄԵՆՔ - Թուրքիա, մենք փակում ենք Ռուսական բազան, փոխում ենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Մենք ձեզ հետ ենք։ Եթե ոչ ձեր, ապա ՆԱՏՕ այլ անդամների։ Ուզում ենք խաղաղություն։
ԹՈՒՐՔԻԱ - Վերականգնում եք 18-րդ դարի Ղարաբաղի խանությունը, այսինքն տալիս եք այն Ադրբեջանին։ Ցեղասպանության խոսակցությունները վերացնում եք։ Կորցրած հողերի, Օթոմանբանկում ունեցած միլիոնների մասին մոռանում եք, կորցրած անշարժ գույքի, ողջ ժառանգության մասին մոռանում եք։ Ու արագ։ Հետո սկսում ենք քննարկել։ Ու ինչ էիք ասում…
Ռուսական բազան փակել ե՞ք։
ՄԵՆՔ - Չէ դեռ, ձգտում ենք նրան, որ փակենք։
ԹՈՒՐՔԻԱ - Դե արագացրե՛ք, մի էլ մտածե՛ք, արագ փակե՛ք։ Ինքներս հետո մեր ուզածին կհասնենք, դուք, կարևորը, փակե՛ք։
ՀԱՐՑ 3. Ադրբեջանը հասկանացանք, բայց որոշ հայեր ինչ են մտածում, որ ձգտում են ռուսներից ազատվել։
Ռուսաստանը այն բարի հայրիկը չէ, որ կգա, կպատժի չար երեխային ու խաղալիքը կվերադարձնի որդուն։ Ռուսաստանը պետություն է, որն ունի իր շահերը, ու դրանք կարող է չհամնկնեն մեր շահերին։ Ռուսաստանը գործընկեր է, որի գործողությունների տրամաբանությունը միշտ չէ, որ հասկանալի են հաճախ նույն ռուսներին։ Սա է իրականությունը։ Ինչպե՞ս անենք, որ այդպես չլինի։
Կողմնակից են այն գաղափարի, որ պետք է հույսներս մեզ վրա դնենք, այլ ոչ սրա ու նրա։ Բայց քանի դեռ քանակով գոնե Թուրքիայի կեսի չափ չկանք, քանի դեռ մեր բնակչությունը 3 մլն է, իսկ իրենցը մոտ 80, քանի դեռ այնքան չենք արել մեր պետության կայացման համար, որ մեր խոսքը լսելի լինի նույնքան, որքան թշնամունը, «հույսը մեզ վրա պետք է դնենք» արտահայտությունը բազմաթիվ շտկումների պետք է ենթարկել, մինչև կիրառելի դարձնելը։ Մեզնից հետաքրքրություն պետք է ներկայացնենք, ու ի պատասխան այլընտրանք չունեցող կախվածությանը Ռուսաստանից, կախվածության մեջ գցենք ռուսներին։ Ինչպե՞ս։ Լուծումները շատ չեն, մի գուցե ընդհանրապես չկան։
Բայց կա ուղղություն, որը պետք է բռնենք ու գնանք առաջ։ Լուծումները ընթացքում կառաջանան։
Սակայն բացահայտ է սկիզբը. չնեղանանք նրանից, որ Ռուսաստան հայրիկը չի եկել ու չի պատժել չար բալիկին։ Պատժողը մենք պետք է լինենք։ Կարող է Ռուսաստանը մեզ օգնել, թող օգնի. միջազգային պարտավորվածություններ ունի մեր նկատմամբ ՀԱՊԿ շրջանակներում։ Չի օգնելու, թող չխանգարի։ Ուզում ենք, որ օգնեն մեզ կամ գոնե չխանգարեն, պետք է բարձաձայնենք դա միջազգային հարթակներում, միջպետական մակարդակով, հասարակական ու մեդիա հարթակներում։ Բայց աշխարհից նեղանալ, կտրել ճյուղը որի վրա նստած ենք՝ չունենալով այլ ճյուղ, որի վրա կարող ենք նստել կամ ինքնասպանություն է, կամ հիմարություն, կամ հիմար ինքնասպանություն, որն այսօր փորձում են իրականացնել Ադրբեջանի քարոզիչները որոշ հայ քարոզիչների հետ միասին։