ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Հույս ունեմ, ինչպես և Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հայ ժառանգներ ողջ աշխարհում, որ նա (Բարաք Օբաման Tert.am) կօգտագործի իր վերջին հնարավորությունը, որպես նախագահ, Ցեղասպանության մասին պարզ խոսելու համար և կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել` փորձելով ջնջել հայերին Երկրի երեսից և գրեթե հասնելով իր նպատակին՝ նրանց բնաջնջման արշավը, այնուամենայնիվ, չի հաջողվել: Եվ որ ամենակարևորն է, կասի, որ չենք մոռանա և չենք լռի:
Պարո՛ն նախագահ, չկա որևէ այլ ավելի բարձր բարոյական արժեք, քան ճշմարտությունն ասելն է` Ցեղասպանության ժխտման պայմաններում: Խնդրում եմ` այս տարի միացրեք Ձեր ձայնը միլիոնավոր ձայներին, որոնք խոսում են անապատում զոհվածների` Հայոց ցեղասպանության զոհերի անունից:
Պարո՛ն նախագահ, անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան վարվելու է նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Թուրքիան միշտ հետևել է իր շահերին:
Եվրոպական մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը, քանի որ դա բխում է իր իսկ շահերից:
Նույնը կլինի, երբ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը», - ասել է կոնգրեսականն իր ուղերձում: