Այսուհետ Ադրբեջանում ցանկացած տնտեսական ծրագիր իրականացնելու համար, որքան էլ տարօրինակ է հնչում, անհրաժեշտ է լինելու Հայաստանի համաձայնությունը: «Որովհետև հնարավոր պատերազմի դեպքում մենք կարող ենք այդ տնտեսական ծրագրերն ուղղակի զրոյացնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա գնահատմամբ`այս քառօրյա պատերազմը Հայաստանի վիճակն ավելի շահեկան դարձրեց, որովհետև ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն անկայուն, անկանխատեսելի երկիր է, որի տարածքում ցանկացած տնտեսական ծրագրի իրականացումը լուրջ վտանգներ է պարունակում:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այդ պատերազմը լուրջ կասկածի տակ չի դնում Իրանից Հայաստանի ու Վրաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու աննախադեպ նախագիծը, որի վերաբերյալ մինչև ապրիլի 1-ը լավատեսական սպասումներ էին ձևավորվել, ավելին` ոմանք պնդում էին, թե ՌԴ-ն այն խափանելու որևէ հետաքրքրություն չունի, ապա իրանագետը հիշեցրեց, որ քառօրյա պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում Հայաստան այցելեց Իրանի էներգետիկայի նախարարը և այստեղ տրվեց քառակողմ ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ հոսքի ապահովման կամ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի մեկնարկը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան և Սերգեյ Լավրովի այս ակտիվության ֆոնին կրկին քննարկվում է տարածաշրջանային և գլոբալ խաղացողների դիրքորոշումների տարբերություններն ու ընդհանրացումները խաղաղապահների տեղակայման հարցում:
Նշենք նաև, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ կմասնակցի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Այս մասին Trend-ին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատունը:
Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Իրանի դիրքորոշումների հարցում որևէ փոփոխություն չկա: «Իրանցիները մշտապես դեմ են եղել և այժմ էլ դեմ են տարածաշրջանում, այսպես ասենք, արտաքին ուժի ի հայտ գալուն՝ լինի դա խաղաղապահների տեսքով, թե այլ ձևաչափով: Իրանցիները համարում են, որ արցախյան հիմնահարցում ներկա ստատուս քվոն իրենց օգտին է, թեև այս մասին կարող են պաշտոնական մակարդակով չբարձրաձայնել, բայց դա ակնհայտ է Իրանի վարած քաղաքականության հարցում և իրանցիները, ինչպես նախկինում, դեմ են որևէ խաղաղապահ ուժի տեղակայմանը այս տարածաշրջանում»,- ավելացրեց իրանագետը:
Ի պատասխան հարցի, թե Իրանը հիմա էլ լծակներ ունի դա թույլ չտալու կամ դրան հակազդելու համար, Վարդան Ոսկանյանը նշեց. «Իրանը այն բացառիկ երկիրն է, որը սահմանակից է 3 հանրապետություններին`Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին: Եվ հենց այդ սահմանակցային հանգամանքն է Իրանի համար այդ կարևոր լծակն ու կռվանը իր այդ դեմ տեսակետն արտահայտելիս»:
Իրանագետը որպես ամփոփում նշեց, որ որքան էլ Հայաստան-Իրան հարաբերությունները փայլուն լինեն, այստեղ ևս աշխատանքի մշտական դաշտ կա: Եվ այդ դաշտը երեքն է, որոնցում մենք պետք է ուժեղացնենք մեր դիրքերն Իրանի ներսում: Առաջին ուղղությունը Արցախին սահմանակից Ատրպատականի տարածքում մտավորականների ու համալսարանականների հետ շփումների ավելացումն է, երկրորդ ուղղությունը Իրանի հոգևորականության շրջանում աշխատանքն է:
«Որոշակի հայամետ անձանց ընտրությունը, որովհետև հոգևորականությունն Իրանում ունի ոչ միայն պաշտամունքի սպասավորների գործառույթ, այլ նաև քաղաքական որոշումների վրա ներազդելու լայն գործիքներ»- ասաց իրանագետը:
Իսկ երրորդ ուղղությունն, ըստ նրա, իրանական բուն քաղաքական շրջանակներն են: