Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին:
Անտոնիս Բալոմենակիսը, ծանոթանալով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասներին, նշել է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն, որն անցնում է միջազգային իրավունքի սահմանները, բարբարոսություն է և դատապարտելի է:
Սոֆոկլիս Ֆիտիսը լրագրողներին տված հարցազրույցում նշել է. «Մենք և հայերն ունենք ընդհանուր պատմություն և դարերի խորքից եկած ընդհանուր թշնամի՝ Թուրքիան: Մենք ունենք շատ վատ հարևան, բայց պետք է ջանքեր գործադրենք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և շենացնելու մեր հայրենիքը»:
Խոսելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունների և խոշտանգումների մասին՝ պարոն Ֆիտիսը նշել է, որ դա ցեղասպան քաղաքականություն է և ակնհայտ ահաբեկչություն:
«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ դատապարտում է Ադրբեջանին և կոչ է արել միջազգային հանրությանը՝ իր նպաստը բերելու այդ հարցի կարգավորմանը»,- ասել է կիպրացի պատգամավորը: