ԱՄՆ հաջորդ նախագահը պետք է քաջություն ունենա ու կարողանա դեմ գնալ Ամերիկյան պետական դեպարտամենտին՝ «ցեղասպանություն» բառն արտասանելու համար։
«Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար, ամերիկյան Flagship Ventures վենչուրային ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունը չկոչեց «ցեղասպանություն» բառով։
«Ճանաչում եմ Օբամայի իսկական ցանկությունը՝ հավատարիմ մնալու խոստմանը, իսկ ես կարծում եմ, որ նա չի մոռացել «ցեղասպանություն» բառը, պարզապես նրան կանխել են այդ բառի օգտագործման հարցում»,- նշեց Նուբար Աֆեյանը։
Նա շեշտեց, որ տարիներ առաջ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ով «ցեղասպանություն» բառն էր օգտագործել, դուրս շպրտվեց արտաքին ծառայությունից, որովհետև «այդպիսին է Պետական դեպարտամենտի քաղաքականությունը»։
Աֆեյանը նշեց, որ Օբամայի կողմից կիրառած «Մեծ եղեռն»-ը համարժեք «ցեղասպանություն» բառին։
«ԱՄՆ-ում քաջ նախագահ պետք է լինի, որ Պետդեպին ասի, որ ճշմարտության միայն մեկ տարբերակ կա»,- ասաց ամերիկահայ գործարարը։