Այսօր Քվեբեկի Ազգային ժողովում ընթերցվել և միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջնորդությունը:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, այն ընթերցել է Ազգային ժողովի անդամ, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար, Քվեբեկի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քրիստին Սեն-Պիեռը:
Միաձայն ընդունված միջնորդության մեջ պատգամավորները նշում են նաև, որ «խրախուսում են բոլոր կողմերին երկարատև խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղի շրջանում»:
36 տարի շարունակ ամեն տարի Քվեբեկի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությամբ Ազգային ժողովի անդամները ոգեկոչում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը:
Պատգամավորները նաև կոչ են արել Քվեբեկի բոլոր բնակիչներին մայիսի 8-ին միանալ հայ համայնքին և մասնակցել Հանուն մարդկության և ցեղասպանության կանխարգելման երթին: