Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը լայնածավալ հարցազրույց է տվել prosportkz.kz կայքին, որտեղ խոսել է ազգային հավաքականի մասին:
- Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած սկանդալի պատճառով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ձեզ, Մովսիսյանին եւ Կասպարովին հեռացրեց հավաքականից: Դուք նույնպես անդրադարձաք այդ հարցին: Ձեր կարծիքով՝ ո՞վ է ստեղծված իրավիճակում ճիշտ, եւ ով սխալ:
- Հայաստանում բոլորը գիտեն, թե որն է ճիշտը, եւ որը՝ սխալը: Իհարկե, ցավալի է ինձ համար, քանի որ շուրջ 11 տարի խաղացել եմ հավաքականի կազմում՝ ներդնելով ուժերս: Երկրպագուները տեղյակ են, որ ես խաղադաշտ եմ դուրս եկել նույնիսկ սրսկումներց հետո: Հավաքականի մակարդակն այլ է, քանի որ դու խաղում ես հանուն հայրենիքի, այդ իսկ պատճառով ինձ համար ցավալի է: Ունեմ կյանքի սկզբունքներ եւ թույլ չեմ տա իմ մասին սխալ կարծիք ձեւավորեն:
- Վերջերս Ղազախստանում էր աշխատում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա չկարողացավ աշխատել «Տոբոլում»:
- Ես չեմ կարող ասել՝ ստացվեց նրա մոտ, թե ոչ: «Տոբոլը» վերջին տարիներին շատ է թուլացել: Կարելի է ասել, որ Վարդանի հետ նրանց մակարդակը մնաց նույնը: Կոնկրետ պատճառների մասին չեմ կարող խոսել, քանի որ հանդես չեմ եկել «Տոբոլում», սակայն գիտեմ, որ Մինասյանը ե՛ւ լավ մարդ է, ե՛ւ լավ մասնագետ:
- Հայաստանի ազգային հավաքականը մի քանի տարի առաջ լուրջ պայքար էր մղում խոշոր մրցաշարերում, սակայն հիմա կրկին վերադարձել է իր հին մակարդակին: Ինչո՞ւ:
- Ինչպես արդեն նշեցի, ֆուտբոլում չկան մանրունքներ, բայց կա մի գործոն, որը, իմ կարծիքով, նշանակալի ազդեցություն ունեցավ: Եվրո-2012-ի որակավորման փուլի ավարտից հետո, ուժեղ հավաքականների վերաբերմունքը մեր ընտրանու հանդեպ փոխվեց: Դրանից առաջ Հայաստանի ընտրանին նրանց համար անհայտ էր, նրանց մեզ չէին ճանաչում: Իսկ երբ մենք լավ ելույթներ ունեցանք, սկսեցին մեզ ուսումնասիրել: Այլևս մեր դեմ բաց ֆուտբոլ չէին խաղում, մի խոսքով, սկսեցին զգուշանալ:
- Փոխվե՞լ է արդյոք Մխիթարյանը վերջին տարիների ընթացքում: Նրա կարգավիճակը եվրոպական ֆուտբոլում արդեն իսկ ահռելի չափերի է հասել:
- Մարդկային առումով՝ ոչ, միայն որպես ֆուտբոլիստ: