Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Մամ, դու արդեն երեք պատերազմ ես տեսել». լրջացող խաղ

$
0
0

Սիրելի ընթերցող,
Ստորև ներկայացվող նյութում կան լուսանկարներ, որոնք բռնության տեսարաններ են պարունակում և թույլ նյարդեր ունեցող մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։ Tert.am-ը ստիպված է դրանք հրապարակել, քանի որ առանց դրանց նյութը կկորցնի իր արժեքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

«Աչքիս առաջ թուրքերը մի ամբողջ ընտանիքի 7-րդ հարկից նետեցին ներքև» ՝ պատմում է Բաքվի ջարդերից փրկված 82-ամյա Ռոզա Իսաբաբյանը: Ականատեսի նրա վկայություններն անպայման պետք էր փաստավավերագրել, որքան էլ դրանք իրենց դաժանությամբ դուրս լինեն մարդկային բանականության շրջանակից: Փաստերը լռության չեն մատնվում. Բաքվում 1990թ. հունվարի 13-19-ը, սպանվել է շուրջ 400 հայ, միայն իր ազգային պատկանելության համար շուրջ 200 հազար հայ ամենադաժան մեթոդներով արտաքսվել է քաղաքից: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանից տեղահանվել է շուրջ կես միլիոն հայ փախստական: Իհարկե, երբ դու դադարում ես խոսել Սումգայիթի մասին, ապա Ադրբեջանի իշխանությունը քոքում է Խոջալուի մտացածին «ցեղասպանության» առասպելը, իսկ երբ համատարած քաղաքացիություն ես շնորհում Ադրբեջանից բռնագաղթած բոլոր փախստականներին, ապա տարիներ անց խիստ դժվար է լինում բեռնել միջազգային ականջը ակնհայտ ճշմարտություններով: Այնինչ, հեղինակավոր վերլուծաբանները շարունակում են պնդել, որ փախստականների խնդիրը բնավ էլ Արցախյան հիմնախնդրի ածանցյալը չէ, ավելին՝ հենց լուծման բանալին է:

-Էս հաղորդումները, որ նայում եմ, սիրտս ճաքում ա, է՜: Ես ձեր ժուռնալիստներից շատ դժգոհ եմ, շատ ջղայնացած եմ ձեզ վրա: 15 թիվ եք ցույց տալիս, էն հին պատմություններն եք ասում, բա էն իսկական գենոցիդը՝ էն Սումգայիթն ու Բաքուն ո՞ւր են, Կիրովաբադը, Խանլարը, Դաշկեսանը, բոլորը մոռացա՞ք: Բա դրանց նկարներն ո՞ւր են՝ դուք ի՞նչ գիտեք. եկել են մտել, ամբողջ ընտանիքը պատի տակ շարել ու հատ-հատ մորթել, մեծից փոքր բոլորի մաքրությունը վերցրել ու կոտորել: Տնից մենակ մի 12 տարեկան տղա երեխայի էին պահել և ասել՝ տես, օղուլ, որ գնաս պատմես էս պատմությունը: Էդ խեղճ երեխայի լեզուն կտրվել էր, երկու տարի չխոսաց: Է՜հ, ինչեր եմ ես տեսել էս իմ աչքերով, քոռանայի ավելի լավ չէ՞ր:




-Տիկին Ռոզա, Ձեր նկատողությունը լրիվ տեղին է, այո, մենք քիչ ենք խոսում  այդ կոտորածների ու տեղահանության մասին, և դա անթույլատրելի է, որովհետև խոսքը կես միլիոն հայի տեղահանության, հազարավորների զանգվածային կոտորածների մասին է…


-Էդ մեծ մեղք ա նրանց մոռանալը: Մենք Բաքու ենք ապրել: Գիշերը գալիս էին, մեր դռներին կանգնում, անգամ ԺԵԿ-երից էին բերում մեր դռներից թղթեր կախում՝ թե մեկ ա, ձեզ սպանելու ենք, գնացեք մեր քաղաքից: Մեր դիմացի շենքից մի ամբողջ ընտանիքի 7-րդ հարկից գցեցին ներքև, մեզ էլ կանչեցին, թե՝ եկեք ձեր մեռելները տարեք ու իմացեք, որ բոլորիդ ենք սենց անելու. քանիսի՜ն են ծովում խեղդել, քանիսի՜ն են մտել պարաններից կախել, սպանել, փախնողին էլ իսկի սապոգ չէին թողնում հագնի, էդ ձմեռով, ցրտին տնից դուրս են արել, թե՝ գնացեք: Բա էս բաները մոռանալ կլինի՞: Իմ գերեզմանին հարյուր մետր խոտ բուսնի, ես էլի չեմ կարող էս բաները մոռանալ:




- Տիկին Ռոզա, բա Դուք, Ձեր ընտանիքն ինչպե՞ս փրկվեցիք:


-Մենք շուտ դուրս եկանք: Երբ հասանք արդեն մեր հողը բոլորս մեծուփոքրով լաց էինք լինում ուրախությունից, որ ողջուառողջ տեղ ենք հասել: Բայց հետո գիտե՞ս ինչ սկսվեց. Է՜հ, բոլորը՝ հարևան, բարեկամ գալիս էին տկլոր, վիրավոր, հիվանդ, անգամ անձնագիր չկար ձեռքները, էլ տանը տեղուդադար չկար, բայց ի՞նչ անեի, ո՞նց չընդունեի: Իրանց պատմած եղելությունները որ ասեմ, հարյուր գիրք կգրվի՝  անգամ պատճառավոր կինը գնացել ա հիվանդանոց՝ չեն ընդունել, ասել են՝ գնա, որտեղ ուզում ես լակոտ ցնգնի: Անասունը որ անասուն ա, տենց բանը չի անի, էդ շունը, կատուն էլ ա հասկանում, որ ծննդկանը աշխարհի ամենամեծ ցավն ա քաշում, բա տենց բանը կանե՞ն: Գազի վրա երեխա են խորովել, սաղ-սաղ կտրատել լցրել մոր առաջը: Մեր հարևանի 10-ը տարեկան աղջկա մաքրությունն առել էին, վերջում էլ փորից մինչև ներքև դանակը քաշել: Բերեցին ստեղ, վիրահատեցին բան արեցին: Բայց էդ երեխան ամբողջ գիշեր ծկլթում էր, գիշերը մի րոպե աչքը չէր փակում, վերջը մորն ասեցի՝ հոգեկան հարցեր են առաջացել երևի, վերցրեց, գնաց Ռուսաստան: Էլ խաբար էլ չունեմ, ոչ զանգեցին, ոչ՝ բան, որ իմանամ, թե էդ սիրուն, էդ պատկեր աղջիկը ինչ դառավ: 250 հազար հայ ա է ապրելիս եղել Բաքվում, բերանով ես ասում՝ 250 հազար: Հիմա մեկին չեմ գտնում, թե մի բաժակ չայ խմենք իրար հետ, մեր օրերը հիշենք:


-Բայց դե տեսնում եք, Տիկին Ռոզա, Ադրբեջանն իր փախստականներին ամբողջ աշխարհի աչքն է մտցնում, վրանային քաղաքներ սարքում, իսկ մենք մեր փախստականների տեղն էլ չգիտենք, ում տեղն էլ գիտենք, վաղուց արդեն քաղաքացիություն է ստացել, էլ փախստական չի:


-Բա որ ասում եմ մենք իսկական ժուռնալիստ չունենք, նեղանում ես: Տեսնո՞ւմ ես, թուրքերը ոնց են նորից կատաղոտել: Բա էս աշխարհը քո՞ռ էր, տանեիք էդ բաները, դրանց էդ բոլոր արածները դնեիք աշխարհի առաջ, ցույց տայիք, որ հիմա լեզու չլիներ դրանց բերանը, որ մի տեղ հայի անունը տային: Ով եկավ, երևանցիք անուն դրեցին. ի՞նչ անեին էդ մարդիկ, որ հայերեն լեզուն չգիտեին: Ես հայկական դպրոց եմ գնացել, հայերեն լավ գիտեի, բայց իրանք չեն գնացել, չգիտեին: Փոթ անուններ դրեցիք վրաները, լավ չընդունեցիք, էդ խեղճերը հիմա էլ իրանց հայրենիքում դառան փախստական: Բա դա անելու բա՞ն էր: Մեռնի Ռոզադ, էս լեզուն արի կտրի, որ ճիշտ բան ասող եմ, միշտ էլ հազարին վատամարդ կլինեմ, բայց ճիշտը դա ա, պիտի ասեմ: 82 տարեկան եմ, ես կյանքում սուտ բան ասած չկամ:


-Տիկին Ռոզա, այո՛, համաձայն եմ, մենք հենց սկզբից էլ չկարողացանք մեր կես միլիոն փախստականների հետ ճիշտ աշխատել, դրա մասին դեռ կխոսենք: Բայց սկզբից գանք. Ձեր կարծիքով, ո՞նց սկսվեց էս թշնամանքը, Բաքվում Դուք միշտ զգացե՞լ եք էդ տրամադրությունները, թե 88-ից հետո սա ծագեց:


-Ինձ էս էլի  խոսացնում, իբր չգիտես: Գնա կարդա, թե Ղարաբաղի մասին ինչ ասեց Գորբաչովը: Էդ ամենավերևից եկավ.Սումգայիթը արյան մեջ կորած էր՝ Կրեմլը մոտ չեկավ, թողեց, որ ժողովրդին արնաքամ անեն,  հետո էլ Գորբաչովը կանգնեց, թե՝ Բաքվում 250 հազար հայ կա, դուք Ղարաբաղի անունը մի տվեք: Ասեց ու արյունը քշեց մեզ վրա: Իմ հարևանը ինտելիգենտ մարդ էր, Պոլիտեխնիկի դասախոս, ինձ, էրեխեքիս երկու օր պահեց իրա տանը, մենք վախենում էինք, թե մեր տան դուռը բացենք, մտնենք: Նա էն ժամանակ շատ խելոք բան ասեց, ասեց՝ Ռոզա խանում, սա Կրեմլն ա անում, իրա  երկու կողմի ագենտներին քսի ա տալիս ժողովրդի վրա, որ ինքը մեջը շահի: Ասեց՝ էդ հրապարակում խոսացողները հենց իրա ագենտներն են, ինքն ասում էր, որ սա մի մեծ քյալլագյոզություն ա: Ես էլ էն ժամանակ համաձայն չէի իրա հետ, բայց էն պատերազմն էլ ա սա ապացուցել, էս թազա կռիվներն էլ: Անգամ հատուկ սրսկում էին մարդկանց, որ ավելի գազազեն, հատուկ դեղեր էին տալիս: Էդ բաները բոլորը գիտեն, ես զարմանում եմ, որ դու չգիտես:


-Դե Դուք ձեր աչքով եք տեսել, ապրել. ես ոնց կարող եմ Ձեզնից լավ իմանալ: Բայց ամեն դեպքում ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա մենք նախահարձակ չենք եղել…


-Էհ, երեք պատերազմ տեսա, երեք, բա սա ինչ ճակատագիր ա, իսկական հայի ճակատագիր: Հիմա, հեսա, էս լուրերը լսում եմ ու լացում, մղկտում. էն պատերազմին հերը գնաց, հիմա էլ իրա տղան: Բա սենց բան կլինի՞, ես ի՞նչ անեմ, ասա: Ամեն մի զոհվածի որ ցույց են տալիս, դեմքիս վերմակը քաշում եմ ու…/Լաց է լինում.Վ.Ս/: …ախր կռվով բան չի լինի, Աստված երկուսին էլ լեզու ա տվել:


-Որ տեսնում ես նաև իրենց մայրերի բայաթին, էնքան նման է մերին, երևի աշխարհի բոլոր մայրերն էլ նույն ձայնով, նույն ճիչերով են ողբում իրենց որդիների կորուստը:


-Բա ինչ ա, խի ո՞ր մայրն ա ապրում իրա որդուն թաղելուց հետո, ոչ մեկը: Պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմը հենց զոհվելու, դժբախտանալու  տեղ ա: Դու ինձ լսի, գտի էդ ամբողջ նկարները՝ 90 թվական, հունվարի 13-ից մինչև հունվարի 19-ը Բաքվի ամբողջ գենոցիդը, Սումգայիթի նկարները, որ քլունգներով, բենզինի շշերով հարձակվել ու կոտորել են հայերին, էդ սաղ բաները տար ցույց տուր: Բայց որտեղի՞ց կգտնես դու ախր, դու էնքան էլ խելոք ժուռնալիստ չես ախր…


- Մի անհանգստացի, էդ նկարները ցույց տալու համար շատ խելոք պետք չի լինել:


-Բա ինչի՞ չեք մինչև հիմա մեյդան հանել, ցույց տվել: Ամբողջ հայության ունեցվածքը գողացան, տկլորացրին: Տները ձեռքներից առան, կոպեկներով առան կամ խլեցին: Լցնում էին «գրուզավիկները» ու քշում, ճանապարհին էլ քանի-քանիսին մորթում, սպանում, հարյուրավոր մարդկանց Կասպից ծովը լցրեցին, խեղդամահ արեցին…իմ բարեկամի երկու ականջը կտրել էին հենց օդանավակայանում, եկել էր մեր տուն՝ արյունը չռռում էր վրայից: Էդ օրը մի թուրք վարորդ էլ կար մեր տանը քնած, մի ընտանիքի «վեշ» էր բերել, ճանապարհին տասը տեղ կանգնացրել էին նեղել, իմ խիղճն էլ չտվեց գիշերով ճամփու դնեմ, ասի՝ քնի ստեղ, առավոտը կգնաս: Բա ի՞նչ անեմ, իրանցից էլ մեզ են օգնել, որ մենք փրկվենք, իրանց մեջ էլ ահագին լավերը կան, հո բոլորը գազան չեն: Բայց հիմա աշխարհն ի՞նչ խելքի ա, ի՞նչ ա ասում: Էս բաները բոլոր հե՞չ, ոչ տեսել են, ոչ գիտե՞ն:


-Սիրելիս, Ադրբեջանն էդքան հայերի գլուխն ու ունեցվածքը կերավ, բայց Դուք գիտե՞ք, որ Հայաստանը հարյուր հազար դոլարից ավելի փոխհատուցում է տվել այստեղից առոք-փառոք հեռացած ադրբեջանցիներին, իսկ մեր կես միլիոն փախստականները ոչ մի կոպեկ չստացան նրանց կառավարությունից:


-Վայ, ճի՞շտ ես ասում: Էդ բանը լավ էր ես չիմանայի ու սենց առանց իմանալու էլ գնայի աշխարհից: Այ մարդ, էս ինչ խիղճ ա էս հայի խիղճը, հը՞: Կարող ա հենց էդ խիղճն էլ մեր տունը քանդողն ա: Բայց դե մենք քրիստոնյա ենք, Աստված կա մեր գլխի վերևը, ինչ անենք: Որ իրանց նման դառնանք, մեր Աստվածը կկորցնենք, հետո մեզ ո՞վ ա տեր լինելու: Ես վախենում էի էստեղի իմ հարևաններին ասեմ, որ թուրքը մի գիշեր քնել ա իմ տանը: Բայց որ մի օր բերանիցս դա դուրս թռավ, հարևանս ասեց՝ բա քո ամբողջ ընտանիքը բերել ա տեղ հասցրել, մենք նրան խի պիտի մի վնաս տայինք: Շատ ուրախացա, ասի՝ էս ուրեմն ինձ լավ հարևաններ են բաժին ընկել:  Դու տար էդ նկարները աշխարհին ցույց տուր, մարդ են, իսան են, հոգի կա փորներում, քրիստոնյաներն անպայման ոտքի կկանգնեն. մեզ, մեր զինվորներին  մենակ չեն թողնի էս աշխարհում: Մի քնեք, էլ քնելու ժամանակ չի, էս որ սաղ ասեցի՝ մեռնեմ էլ դարդս չի: Ինչ ասեցի, կհիշես, չէ՞: Էս բաների մասին էն աշխարհի չեմպիոնն էլ ա խոսել,  Գարի Կասպարովը, նա էլ էր Բաքվում ապրում, էդ բաները լրիվ իր աչքերով տեսել ա:


-Հա, սարսափելի դաժան բաներ է գրել նա, գրել է, որ հայերին փողոցում ողջ-ողջ այրել են անգամ:


-Մեր հասցեները նրանք հատ-հատ գիտեին, անգամ երբ վատանում էին մարդիկ և շտապօգնություն էին զանգում, բժիշկները չէին գալիս: Քանիսը հենց դրա պատճառով մեռան: Գնացի, տեսա, հայ հարևաններից մեկին երկաթի փողերով ծեծել էին, ձեռքը կոտրել, զանգեց շտապօգնություն, ժամերով սպասեցինք՝ չեկավ: Վերջը մի կերպ աթոռով իջեցրինք բակը, տարանք հիվանդանոց, ասում ենք՝ արնաքամ է լինում, փրկեք, ասեցին՝ արմենի, գնացեք ձեր Հայաստան, թող այնտեղ ձեզ փրկեն: Անգամ մի հատ չմոտեցան, որ տեսնեն, ինչ ա եղել: Էս բաները հիմա որ հիշում եմ, չես պատկերացնի, ոնց ա սիրտս մղկտում: Տղաս ինստիտուտում էր սովորում, գերազանցիկ, եկավ, թե ազգանունս կարդաց դասախոսը, ասեց դուրս արի լսարանից: Եկավ՝ թե դուրս են արել ինձ: Ամուսինս էլ ասեց՝ խելքդ էլ հո չեն կարողանալու գլխիցդ դուրս հանեն, մի քիչ էլ կատակի տվեց, որ ինքը շատ չհուզվի, տեղը չէր գտնում էդ երեխան, ինչ ասես:


-Տիկին Ռոզա, նաև Ձեր պատմություններից է երևում, որ այդ ամբողջը կատարվել է պետական մակարդակով: Ադրբեջանի իշխանությունների այն արդարացումները, թե դրանք ազգայնական կամ խուլիգանական տարրեր են եղել, ուղղակի լկտի սուտ է: Որովհետև ինչ-որ տարրեր ինչպես պիտի իմանային մարդկանց հասցեները, մանավանդ որ ԺԵԿ-ի պաշտոնական թղթերն էլ դռներին փակցված է եղել կամ պետական հովանու տակ գտնվող շտապօգնության ծառայությունն ինչպես պիտի հրաժարվեր հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց, եթե հրահանգավորված չլիներ:


-Չէ, չէ, ինքնագլուխ չի եղել, բա չեմ ասո՞ւմ՝ Կրեմլը քամակները պահել ա, իրանք էլ արել են: Անգամ միլիցիայի աշխատողներ են եղել մեջները: Նրանք տեղը տեղին պատրաստված էին: Թուրք հարևանս գալիս ասում էր՝ 13-ին վատ ա լինելու, գնացեք: Իրենք ամեն ինչ նախօրոք սարքել էին. մի տղա կար, որ բարեկամական կապ ուներ գլխավոր դատախազի հետ, ոնց որ իրենով մենք էլ մի քիչ պաշտպանված լինեինք: Սա որ եկավ, թե՝ էլ պաշտպանելու հնար չունեմ, մենք հենց էդ օրն էլ դուրս եկանք: Հետո բոլորն ասում էին՝ ինչ խելոք էիք դուք, որ շուտ գնացիք: Ամուսինս էլ ասաց՝ Ռոզա, էլ սպասելու ժամանակ չկա, իշխանությունն ա խաղի մեջ, պիտի   դուրս գանք: Հիմա ինչի չեն հանգստանում, ամբողջ կյանքում արեցինք, դրեցինք ու բոլոր հայերին մեկից դուրս արեցին, էդքանին սպանեցին, հիմա ի՞նչ են ուզում: Ղարաբաղը՞: Բա էլ ինչի համար էր էսքան բաները, էսքան պատերազմը, զոհերը, եթե պիտի Ղարաբաղն էլ իրանց տանք: Ամեն ինչ տվեցինք իրանց՝ մեր կյանքը, մեր ջահելությունը, ապրուստը, մեր էդքան տարվա աշխատանքը, էլ ի՞նչ են ուզում: Հայաստանն աղքատ երկիր ա, էստեղ ապրուստը շատ դժվար ա, բայց մենք այնտեղ շատ լավ ապրել ենք՝ խաղաղ, սիրուն, մինչև էս տունքանդիչները եկան: Դու հիմա էլ ստեղ զրույցով մի ընկի, գնա հանի, էդ նկարները  բոլորին ցույց տուր, որ ես հանգիստ գնամ էս աշխարհից: Ցույց տուր ու ասա, էս մեր նկարը չի, էս ձեր նկարն ա, նոր գորբաչովներ, թուրքեր, թե էս աշխարհում դեռ արդար երկիր մնացել ա, պիտի դրանից հետո գա ու կանգնի մեր զինվորների  տեղը. ախր  մեր զինվորների գլխի մազերը հաշված են, մենք քիչ ենք, քիչ: Ինչ ա, էս  աշխարհի խիղճը կտրվել փորն ա ընկե՞լ…


ՎԱՐԴ  Սիմոնյան


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles