Լաս Վեգասի արվարձաններից մեկում մանկապարտեզի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տղամարդ և կին են մահացել, նրանց երեխաները վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը` տեղի իշխանություններին հղումով:
Լրատվամիջոցները նշում են, որ հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Kids Campus Learning Center մանկապարտեզի մոտակայքում: Միջադեպի մասին ոստիկանությանը հայտնել են հաստատության աշխատակիցները, երբ երեխաներին տեղափոխել են մանկապարտեզի շենք:
Երեքամյա աղջիկը և 4-ամյա տղան հոսպիտալացվել են վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այլ տուժածների մասին լուրեր չկան:
Տեղի ոստիկանության աշխատակից Էնն Կավարիչիի խոսքով` դեռևս անհայտ է կրակոցների հեղինակը: Հաղորդվում է նաև, որ չկան հիմքեր ենթադրելու, որ դա փոխհրաձգություն է եղել, քանի որ դեպքի վայրում միայն մեկ ատրճանակ է հայտնաբերվել: