Քենիան մտադիր է փակել երկրի տարածքում գտնվող փախստականային ճամբարները՝ նշելով, որ դրանք տնտեսական առումով մեծ բեռ են երկրի համար, ստեղծում են էկոլոգիական խնդիրներ, ինչպես նաև նպաստում են հանցավորությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս որոշումը վերաբերում է նաև Դադաաբ ճամբարին, որն աշխարհի ամենամեծ փախստականային ճամբարն է համարվում։ Այն գտնվում է Սոմալիի հետ սահմանին, այնտեղ ապրում է ավելի քան 300.000 մարդ՝ հիմնականում Սոմալիից փախստականներ։
Եթե ճամբարները փակվեն՝ անօթևան կդառնա մոտավորապես 600.000 մարդ։
Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քարանջա Կիբիչոյի խոսքով՝ ճամբարներում հավաքագրվում են «Աշ-Շաբաբ» խմբավորման համար զինյալներ, որոնք հարձակումներ են գործում երկրի տարածքում։
Ճամբարների փակման դեմ են արդեն արտահայտվել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես՝ Human Rights Watch-ն ու Amnesty International-ը։