Եթե Հայաստանը պետք է միակողմանի ճանաչի Արցախի անկախությունը և դա որևէ արդյունք չտա դիվանագիտական հարաբերություններում, ապա գոնե հիմա ճիշտը շտապողականություն չդրսևորելն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ի պատասխան հարցի, թե կիսում է առաջին նախագահի այն տեսակետը, որ Արցախի միակողմանի ճանաչումը կբերի անկանխատեսելի հետևանքների:
«Մեր գնահատականն այն է, որ շտապողականություն պետք չէ ցուցաբերել անկախության ճանաչման հետ կապված, քանի որ ՀՀ նախագահն առաջ է քաշել 3 կետ, որոնց պայմանների բավարարման դեպքում մենք պատրաստ ենք բանակցությունները շարունակել: Իսկ դա նշանակում է, որ եթե այդ ընթացքում այդ պայմանները չեն բավարարվում, և նորից նմանատիպ երևույթներ կշարունակվեն, ապա մենք պետք է տեղյակ պահենք Մինսկի խմբին և համաձայնության գանք, որ այլևս մենք անելիք չունենք: Եվ կամ, որ մեր անելիքը Արցախի անկախության ճանաչումն է, կամ Արցախի հետ ռազմաքաղաքական համաձայնագրի ընդունումը: Իսկ դա նշանակում է, որ մենք որևէ տրամադրություն չունենք մենակ գնալու դեպի ռազմական գործողություններ»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես էր եկել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ տեսակետով, որով հայտնել էր, որ ուշադրություն էր հրավիրել ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների մայիսի 5-ին արած հետևյալ հայտարարության վրա, որ ԱՄՆ-ը միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և հավելել, որ միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով։
Նշենք, որ կառավարության կողմից ԱԺ ուղարկված Արցախի ճանաչելու մասին նախագծի շուրջ կառավարության եզրակացությունն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ այս առումով հնարավոր են ամենատարբեր սցենարներ. նախագիծը որոշակի ժամկետով հետ կանչելուց մինչև բացասական եզրակացություն և կամ դրական եզրակացությամբ մտնել խորհրդարանի մեծ օրակարգ և պատեհ պահի դրվել քվեարկության:
«Ինձ թվում է, որ ինչ որոշում էլ լինի, պետք է լինի կոնսենսուսով, որպեսզի մենք հարմար պահին այս խնդրին անդրադառնանք, մենք որևէ մեկ անգամ, ապրիլյան դեպքերից հետո առավել ևս օրակարգից որևէ հարց չենք հանում և մեր նպատակը ինչ-որ հակադրություններ ստեղծելը չէ»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշում է, որ Հայաստանը բավականին լուրջ ռազմական ու դիվանագիտական հաղթանակ է գրանցել, առնվազն, որ ունենք բանակցային սեղանի շուրջ առավելություն և հետևաբար, պետք չէ գնալ շտապողականության:
Սակայն նա նաև ավելացնում է.«Չնայած, եթե տեսնենք, որ այլ ելք չկա, անդրդվելի է մեր թշնամին, որևէ ձևով չի ցանկանում բանակցային փուլին մասնակից դառնալ, և անընդհատ կրկնվեն նման մասշտաբի գործողություները, բնականաբար, կանենք մեր հետևությունները»: