Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի կարծիքով՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրինագծին Կառավարության հավանությունը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում միաժամանակ նա շեշտեց, որ ճիշտ ժամանակն էր օրակարգ ընդգրկելու և քննարկելու հարցը, որի ընդունումը կախված կլինի միջազգային հանրության և Ադրբեջանի գործողություններից՝ ընտրել բանակցային ճանապա՞րհը, թե՞ պատերազմը:
«Սա դեռևս պրոֆիլակտիկ քայլ է, հայտնի թշնամու տաքարյուն էյֆորիայի վրա մի քիչ սառը ջուր լցնելու համար կարող է ընդունի և մտցնի պառլամենտական օրակարգ, և մեծ օրակարգում հարցի քննարկումը կարող է տևել ամիսներ, նույնիսկ՝ տարիներ: Կարծում եմ՝ ճիշտ քայլ է, որ այն մարդիկ, ովքեր էլ մարդ էլ չեն, այլ գազան են, իրենց նստած տեղերում հասկանան, որ այսպիսի հարց կա օրակարգ մտցրված և նրանց հետագա գործողություններից է կախված որոշումը: Եթե պատերազմական գործողություններ ձեռնարկեն՝ միանգամից հարցը կմտցվի քննարկման և կընդունվի, իսկ եթե ինչ-որ մի ձևով դա դեռևս կմնա օրակարգում և միս ու արուն չի ստանա, դա չի խանգարում, որ մնա օրակարգում»,- ասաց նա:
Որոշումը, ըստ նրա, վաղուց հասունացել էր, և ապրիլյան պատերազմը որոշիչ դարձրեց:
«Պարզ նշան է Ռուսաստանին, Ամերիկային, Անգլիային և բոլոր այն երկրներին, որոնք քաղաքական կամ տնտեսական շահեր ունեն այս տարածաշրջանում, հասկացնել, որ դանակը ոսկորին է հասել, և չի կարելի այս ձևի անտարբերության մատնել ագրեսոր խմբի գոյությունը պետություն անվամբ, որը հիշեցնում է «Իսլամական պետության» գոյությունը: Չի կարելի այդ ամենը անուշադրության մատնել, հարկավոր է քայլեր ձեռնարկել սանձերը ձգելու համար: Տեսնենք՝ ինչ կլինի, մայիսյան առաջին շրջանում ինչ քայլեր կձեռնարկեն, և ըստ այդմ էլ կամ ընթացք կտրվի, կամ էլ առժամանակ կսառեցվի այդ հարցը»,- ասաց նա:
Այն պնդումը, որ բանակցությունները, այս նախագծի օրակարգ մտնելով, կարող է վտանգվեն, մտավորականը նշեց, թե առանց այդ էլ այժմ բանակցություններ, ըստ էության, չկան:
«Պատերազմական իրավիճակում ի՞նչ բանակցություն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, երբ մի կողմից թնդանոթները կրակում են համապատասխան գյուղերի ու քաղաքների վրա, իսկ մյուս կողմից էլ նստում են բանակցային սեղանի շուրջ և բանակցություններ են վարում։ Նման բան չի լինում: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ բանակցությունները սառեցված են, և եթե իրավիճակը բարդանա, ապա ընդհանրապես Մինսկի խումբը որևէ «ռեզոն» չի ունենա, և բոլորովին այլ ձևաչափեր կգործեն»,-ասաց նա:
Ըստ Դավիթ Հովհաննեսի՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմն ասում է, թե հայերն են բանակցային ձևաչափը ձախողում, բայց ակնհայտ է, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացը ձեռնտու է:
«Մեզ պատերազմական գործընթաց պետք չէ, բայց չի կարող չէ՞ մի ձեռքով խփել, մյուս կողմից էլ ասենք՝ բանակցենք, տեսնենք՝ կարա՞նք բարիշենք, թե չէ: Բանակցային գործընթացը չպետք է ֆետիշ դարձնենք։ Բանակցային գործընթացը, չգիտեմ, բլեֆ է, վերջին ճիգերն են գործադրում համաշխարհային կառույցներ կոչված զանգվածները, իբր թե մենք ամեն ինչ արեցինք, որ բանակցային ճանապարհով գնանք, բայց իրականում ոչինչ չեն ձեռնարկում հօգուտ բանակցային գործընթացի իրական արդյունքի»,- ասաց նա: