Նոբելյան մրցանակի 3 դափնեկիրներ, ովքեր այցելել են Հյուսիսային Կորեա, վերադառնալուն պես հանդես են եկել երկրի նկատմամբ միջազգային հանրության սահմանած առանձին պատժամիջոցները քննադատող ելույթով:
Ինչպես հաղորդում է BBC-ն` նրանց կարծիքով` պատժամիջոցները խոչընդոտում են գիտության և առողջապահության զարգացմանը Հս. Կորեայում: Այս առումով, նրանք կոչ են արել մեղմացնել Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Պենիցիլինը չի ստացվի միջուկային ռումբի վերածել: Չի կարելի ճնշում գործադրել` վտանգելով մարդկանց առողջությունը», - ասել է քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, իսրայելցի Աարոն Չեխանովերը:
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած բրիտանացի ռիչարդ Ռոբերթսն, իր հերթին, բարձր է գնահատել հյուսիսկորեացի գիտնականների ձեռքբերումները, որոնց նրանք հասել են` չնայած պատժամիջոցներին: