ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ ոչ միայն էլեկտրոնային առևտրին առնչվող իրավակարգավորումներ են առաջարկվում, այլև սպառողների իրավունքների պաշտպանության առումով առաջանցիկ քայլ է կատարվում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ասել է, որ օրենսդրական փաթեթը ապրանքների հետ վերադարձի հարցը կարգավորում է և էլեկտրոնային, և ոչ էլեկտրոնային առևտրի դեպքում:
«Գործող օրենսդրությամբ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարող է հետ վերադարձվել միայն, եթե փոխարինումը անհնար է: Բայց այս փոփոխություններով 14 օրյա ժամկետում, եթե վաճառողի ու գնորդի միջև այլ ժամկետ սահմանված չէ, ոչ միայն փոխարինման անհնարինության դեպքում, այլև գնորդի ցանկությամբ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարող է հետ վերադարձվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ վերջինը լուրջ քայլ է սպառողների իրավունքների պաշտպանության առումով:
Էմիլ Տարասյանի խոսքով՝ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվում են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով (հեռուստատեսություն, համացանց) պայմանագրերի կնքման առանձնահատկությունները:
Վկայակոչելով մեր կենցաղ մտած այնպիսի հարթակներ, ինչպիսիք են menu.am-ը, list.am-ը, ggtaxi-ն՝ փոխնախարարը նկատեց, որ թե տնտեսավարող սուբյեկտի ու թե գնորդի պաշտպանվածության տեսանկյունից անհրաժեշտ են հստակեցումներ:
«Էլեկտրոնային հարթակի նկատմամբ ներկայացվում են մի շարք պահանջներ՝ սկսած վաճառվող ապրանքը նկարագրող նվազագույն հատկանիշներից՝ ապրանքի արտաքին տեսք, հատկանիշներ, գնային առաջարկ՝ վերջացրած ամենակարևոր հարցով, որ էլեկտրոնային հարթակը պետք է իդենտիֆիկացնի վաճառողին, որպեսզի գնման գործարքի դեպքում, եթե ոչ բարեխիղճ վաճառող է եղել, հնարավոր լինի նրան պատասխանատվության ենթարկել»,-բացատրեց էկոնոմիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ հեռուստատեսությամբ վաճառքի իրականացման համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ:
Էմիլ Տարասյանի հավաստմամբ՝ գնորդի տեսանկյունից մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ էլեկտրոնային անդորրագիրը, որի վրա չկա ստորագրություն, հարկային մարմինների կողմից կդիտարկվի որպես հիմնավոր փաստաթուղթ:
Էլեկտրոնային առևտրին առնչվող խնդիրներից է վճարային համակարգերի գործարկման հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհում լայն տարածում ունեցող Paypal վճարային համակարգի լիակատար գործարկմանը Հայաստանում:Հնարավորություն կա Visa, Master Card, Amex քարտերի միջոցով գնել PayPal, սակայն ստանալ PayPal հնարավոր չէ: Կարելի է eBay-ից ինչ-որ իր գնել, սակայն գրանցվել eBay-ում ու առևտուր իրականացնել PayPal-ով, անհնար է, որովհետև Հայաստանը չի սպասարկվում:
Էմիլ Տարասյանը նշեց, որ իրենց նախարարությունը կարող է որպես միջնորդ հանդես գալ հարցի կարգավորման առնչությամբ, բայց չի կարող դիմել մասնավոր ընկերությանը ու ճշտել, թե ինչու Հայաստանում լիակատար գործունեություն չի ծավալում:
«Ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունը դիմել էր Կենտրոնական բանկին, որը Հայաստանում վճարային համակարգերի ներդրման, գործարկման պատասխանատուն է՝ հասկանալու, թե Paypal վճարային համակարգն ինչու հասանելի չէ Հայաստանից վաճառողների համար: Մեզ ներկայացվեց պատասխան, ըստ որի, այդ վճարային համակարգն ունի երկրների վարկանիշային աղյուսակ, որտեղից Հայաստանը դուրս է մնացել: Դա բիզնեսին առնչվող ներքին հարց է, կա Paypal-ին դիմելու հասարակական նախաձեռնություն, ստորագրահավաք, և մենք տեղեկություններ ունենք, որ մասնավոր կազմակերպություններ դիմել են վճարային համակարգին: Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, բայց չենք կարող ինքներս կապ հաստատել ու ճշտել, թե ինչու չեն գալիս Հայաստան»,-հավելեց փոխնախարարը: