ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի՝ եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը, բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունները:
Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Ժան Բիզեի ս.թ. ապրիլի 7-ին հրապարակած հասցեական հայտարարությունը, իրավիճակին տրված գնահատականն ու հիմնախնդրի կարգավորման նպատակով առաջարկվող քայլերը։ Երկուստեք շեշտվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի անդամներին, որոնց հետ քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, երկու երկրների օրենսդիր մարմիների միջև փոխգործակցությունը, խորհրդարանական վեհաժողովներում համագործակցությունը։
Հանդիպման գլխավոր թեման էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարումը։ Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին հանգամանալից ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվել է մերձավորարևելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն ճգնաժամին։