Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալը («բրեքզիթ»՝ brexit-տերմին) բացասաբար կազդի ոչ միայն բրիտանական, այլև` համաշխարհային տնտեսության վրա, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Լագարդը մանրամասնել է, որ ԱՄՀ-ն հարցում է անցկացրել մի շարք երկրների շրջանում` պարզելու համար ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու հետ կապված հեռանկարները: Ըստ Լագարդի՝ բոլոր երկրների պատասխանները միանման են եղել` ազդեցությունը բացասական է լինելու:
«ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը միջազգային խնդիր է»,-մեկնաբանել է ԱՄՀ-ի նախագահը` ընդգծելով, որ այդ հարցը միմիայն բրիտանացիները պետք է որոշեն:
Նշվում է, որ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիային սպասում են տնտեսական աճի թուլացում, ինչպես նաև մի շարք խոչընդոտներ եվրոպական բլոկի հետ առևտրային հարաբերություններում:
Հիշեցնենք, որ «բրեքզիթի» հարցով հանրաքվեն անցկացվելու է հունիսի 23-ին: