Ֆրանսիական նավաշինարանը 40 ամիս տևած աշխատանքներից հետո սեփականատիրոջն է հանձնել աշխարհի ամենամեծ կրուիզային նավը՝ 8.500 ուղևորի և անձնակազմի համար 227 հազար տոննա կշռող գերշքեղ Harmony of the Seas-ը, գրում է The Daily Mail-ը:
Այն երբևէ կառուցված ամենամեծ կրուիզայն նավն է, որի 362 մետր երկարությունն այն 49 մետրով երկար է դարձնում Էյֆելյան աշտարակից:
Հսկայական լողացող քաղաքը, որն արժեցել է մոտ 1 միլիարդ եվրո, ունի 18 տախտակամած և կկարողանա ընդունել 6.360 ուղևորի և անձնակազմի 2.100 անդամի:
Նավը կառուցվել է ԱՄՆ-ում գտնվող Royal Caribbean Cruises Ltd-ի (RCCL) համար՝ ֆրանսիական Սեն Նազեր նավահանգստում, որտեղ նավի հանձնումն ուղեկցվել է հանդիսավոր արարողությամբ:
«Այն ոչ միայն աշխարհի ամենամեծ նավն է, այլև երբևէ կառուցված ամենաթանկ նավը»,- արարողության ժամանակ ասել է RCCL-ի տնօրեն Ռիչարդ Ֆենը։
Harmony of the Seas-ը դուրս կգա նավահանգստից կիրակի օրը և կշարժվի դեպի անգլիական Սաութհեմփթոն: Այնտեղից այն մայիսի 22-ին կուղևորվի դեպի Բարսելոնա:
Նավի վրա ժամանցի համար նախատեսված վայրերից են 10 հարկ բարձրություն ունեցող սղարանը, հսկայական մագլցման պատը, ջակուզիները, խաղատունն ու 1400 տեղանոց թատրոնը, որտեղ ներկայացվելու են Broadway-ի մյուզիքլները, իսկ բարում ուղևորներին կսպասարկեն ռոբոտ բարմենները:
Նավն անգամ ունի իր սեփական գլխավոր փողոցը և կենտրոնական զբոսայգին: