Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կոռուպցիայի դեմ պայքարը ծառատունկ չի, որ կոչով դիմես, գան ծառերը տնկեն. Տիգրան Հակոբյան

$
0
0

Վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք կառավարության տեղեկատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ` հակակոռուպցիոն պայքարի շարժառիթին, ձևին և արդյունավետությանը, հարցին, թե ովքե՞ր պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ և արդյո՞ք Հայաստանում կարող են գտնվել նման «կամիկաձեներ», որոնք կլինեն արդար, ազնիվ և կկարողանան հաղթանակած դուրս գալ:
 

-Պարոն Հակոբյան,  կոռուպցիայի դեմ պայքարի` վարչապետ  Հովիկ Աբրահամյանի  կոչ-հայտարարության հարցում  հասարակությունը թերահավատ է:  Ի՞նչ դիտարկումներ ունեք դուք, նաև` որպես  նախկին պաշտոնյա: Ի դեպ` աշխատել եք նաև   կառավարության  աշխատակազմում Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք:
 

-Դիտարկումներս երկուսն են: Նախ, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել կոչով,  կոռուպցիայի դեմ պայքարը ծառատունկի պես միջոցառում չէ, որի  մասին կարելի է հայտարարել, մի քանի օրվա մեջ էլ արմատախիլ անել: Կոռուպցիայի դեմ պայքարը համապարփակ, ծավալուն, հայեցակարգային,  երկարաժամկետ  ծրագրի իրականացում է: Մեզ մոտ սխալ կարծիք է ձևավորվել, որ կոռուպցիան առանձին անձանց` հարստանալու ու թալանելու, օրենքներ շրջանցելու սոսկ ցանկություն է: Ոչ, այն սոցիալ-քաղաքական,  արժեքային, մշակութային համակարգ է,  որում  գործում են  տասնյակ  պետություններ: Եվ կոռուպցիան կոչերով, մի քանի պաշտոնյայի պատժելով,  հաղթահարել չի լինի. դա անիմաստ  զբաղմունք է:

Ասածս է, առաջին հերթին  իշխանական վերնախավը պետք է քաղաքական կամք ունենա և համապատասխան արժեքների կրողը լինի: Հետո մշակի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ հայեցակարգ, ներկայացնի այն հասարակությանը և սկսի իրագործել՝ հաշվի առնելով նույն հասարակության զգալի հատվածի դիմադրությունը: Ի վերջո, այս կամ այն չափով քաղաքացիներից շատերը ոչ միայն առնչվում են, այլ նաև՝ մասնակցում կոռուպցիոն համակարգի տարբեր գործառույթներում,  և հակակոռուպցիոն ռեֆորմները  ցավոտ կարող են լինել ոչ միայն բարձրաստիճան  պաշտոնյաների և օլիգարխների համար, այլ նաև հասարակության լայն շերտերի։ 

-Երեկ ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ շաքարավազի,  դիզվառելիքի ներկրմամբ, կարող է զբաղվել յուրաքանչյուր մարդ: Այս պարզ նախադասությունն անմիջապես որակվեց` պատմական:

-   Այո,  յուրաքանչյուր մարդ  կարող է 200 կիլոգրամանոց «շտանգա»  բարձրացնել,  պատգամավոր դառնալ, Լոնդոնի կենտրոնում բնակարան գնել:  Տեսականորեն՝ կարող  է, իսկ իրականում արդյո՞ք կարող է, եթե ստեղծված չեն հավասար  հարկային պայմաններ, եթե դիզվառելիքը կամ բանանը մաքսակետում անհեթեթ պատճառաբանությամբ շաբաթներով  կպահեն, այլ գնով կմաքսազերծեն: Եթե այդ ապրանքները ներկրողը, իհարկե,  յուրայիններից չի: Կամ պահեստումդ կարող է հրդեհ բռնկվել, կամ քեզ  «լուրջ» զրույցի կհրավիրեն «լուրջ» մարդիկ, որից հետո ցանկություն էլ չես ունենա այդ ապրանքը ներկրել:  Իհարկե, բոլորս հավասար ենք, բայց  մեր պես կոռումպացված երկրներում հավասարների մեջ կան արտոնյալ  հավասարներ:
 

-Ձևից դժգո՞հ եք, ի՞նչ կասեք վարչապետի հայտարարության մասին՝գրել Դավիթ Հարությունյանի «մեյլին»:

- Ձևի խնդիր չի, բովանդակությունն է իսպառ բացակայում:  Իսկ «մեյլի» մասով կասեմ, որ դա Դավիթ Հարությունյանի և իր օգնականների խնդիրն է, որ  նամակների հազարավոր էջեր պիտի ընթերցեն, որպեսզի մեկ-երկու ռացիոնալ առաջարկ գտնեն: Ավելորդ է ասել, որ նման հայեցակարգերը քաղաքացիների նամակներով չեն մշակվում:  Վաղն էլ, միգուցե, քաղաքացիներին առաջարկեն Հայաստանի անվտանգության դոկտրինը գրել։ 

-Ասում եք` նույնն է, թե ասել` բոլորը կարող են Լոնդոնում տուն գնել։ Միգուցե վարչապետը փորձեց այդ «անհաս» շաքարավազի օրինակով ի ցույց դնել, թե որքան վճռական է ինքը:

- Նախ, վճռականությունը խոսքով չէ, վճռականությունը գործերով է:  Եվ եթե նույնիսկ չկասկածենք  վարչապետի ասածի անկեղծության վրա, նման կոչերով, առանց ծրագրի ու ապարատի, որը պատրաստ է  այս  պայքարին, մենք որևէ արդյունքի չենք կարող  հասնել:  Եվ երկրորդը՝  շաքարավազ ներկրելը բավականին  բարդ բիզնես է, և հենց  շաքարավազի ներկրելու առաջարկով դիմելը փոքր խորամանկություն է վարչապետի կողմից: Նա շատ լավ գիտակցում է, որ շատ քչերը շաքարավազ ներկրելու ռեսուրս ունեն, միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դա գրեթե անհնարին է: Երրորդ՝ հենց շաքարավազն է դարձել մենաշնորհային տնտեսության խորհրդանիշներից մեկը, և այդ մասին խոսելով, վարչապետը  գրագետ PR քայլ է կատարում: Չմոռանանք, առջևում ընտրություններ են: 

Իմ կարծիքով` կոռուպցիայի դեմ պետք է պայքարի  քաղաքական նոր ուժը, նոր սերունդը, այլ արժեքայի հավատարիմ գործիքները: 

-Բա ո՞ւր մնաց  խոսքը, որ մի հարցրեք, թե որտեղի՞ց առաջին միլիոնը: Թե դա Հայաստանում առաջին միլիոնին չի վերաբերում :

- Կարծրատիպային  առասպելներից է, որ առաջին միլիոնը  հնարավոր է  ունենալ միայն ոչ ազնիվ ճանապարհով:  Այդ առասպելը զանգվածային գիտակցության մեջ ներդնելով,  կաշառակերները, երկրի ունեցվածքը հոշոտողները հավասարեցնում են  իրենց հետ գրագետ, տաղանդավոր գործարարներին,  հանրության աչքերում բոլոր հաջողակ գործարաներին հանցագործ են դարձնում:

-Ասում եք` նոր մարդիկ են պետք. ԱԺ պատգամավորներից մեկը  առաջարկել էր` գտնել 18  կամ 25 «կամիկաձե», որոնք կինքնակմեկուսասան ու  կկարողանան տանել այդ պայքարը: Հավատու՞մ եք, որ նման մարդիկ կգտնվեն:

-Մենք միշտ պարծենում ենք, որ մեծ գիտական, կրթական , մարդկային  պոտենցիալ ունենք, ու եթե չենք կարողանում գտնել այդ 25 հոգին ու հստակ հասկանալ, որ  կան այդ ազնիվ  ու գաղափար կրող ընտրյալները, ուրեմն` մենք զարգանալու որևէ շանս չունենք: Համոզված եմ, որ այս մարդիկ կան. հարյուրավոր և՛ երիտասարդներ, և՛ փորձ ունեցող գործիչներ, որոնք պատրաստ են դա անել, որոնք սիրում են իրենց երկիրն ու պատրաստ են ներդնել իրենց պոտենցիալը: Այստեղ հեծանիվ չենք հորինում, տասնյակ երկրներ անցել են այդ ճանապարհով:

-Ապրիլյան պատերազմի դասերը պայմանական թեմայի շրջանակներում կարդացի Առաքել Սեմիրջյանի «Փրկել շարքային Սլոյանին» հրապարակախոսությունը: Զուգահեռ, որ մինչ ֆիլմն այն մասին էր, որ մի ողջ ջոկ զոհվում է շարքային Ռայանին փրկելու համար ու դա ապարդյուն չի, որովհետև զոհվողներից մեկը նրան ասում է,որ  իրենց մահերն ապարդյուն չեն անցնի, և նրանց փրկած Ռայանն իր ամբողջ կյանքում կապրի այնպես, որ իմաստավորվի իր համար զոհվածների կյանքը, ապա  ի տարբերություն Սփիլբերգի ֆիլմի՝ ոչ թե մենք փրկեցինք մեր շարքայիններին, այլ մեր շարքայինները մահից հետո էլ դեռ փորձում են փրկել մեզ:  Մենք ինչքա՞ն  կարող են  դասեր չառնել:  Հիմա, եթե մենք դասեր էլի չենք առնում այս դաժան պատերազմից հետո, չի ստացվում, որ որպես ժողովուրդ իմունիտետ չունենք:

- Ֆիլմը շատ սիրում եմ, նաև Առաքելի հոդվածն եմ կարդացել, շատ գեղեցիկ և  ճիշտ է գրել, բայց, եկեք մենք դուրս գանք հուզական  դաշտից:  «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմը ամերիկյան  գեղարվեստական առասպելաբանության ժանրից է և պետք է չէ՞ դա դարձնել մեր  իրականությունն ու առավել ևս` համեմատել մեր  իրականության հետ: Տեսեք, նման մի խաբկանք կա, որ մենք շատ ենք տարվում  մեդիաների կողմից ստեղծված  վիրտուալ աշխարհով,  կինոսյուժեներով, որոնք հաճախ ինչ-ինչ համակարգերի, պետությունների, խմբավորումների գործունեության  գաղափարական ուղեկցությունն են ապահովում:  Իսկ մեր պատերազմն իրական է, Ալոյանը՝ իրական, բանակն ու հասարակությունը՝ իրական: Իսկ ապրիլյան պատերազմից անցել է մեկ ամիս, ինչը շատ կարճ ժամանակ է, որպեսզի հասկանանք` դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ:
Շատերս ուսուցչի դերի մեջ մտած  բոլորից պահանջում ենք, որ դաս քաղեն, դաս սովորեն: Իսկ ուսումը՝  երկար ճանապարհ է ու մեր այս զրույցին կարելի է անդրադառնալ ժամանակ առ ժամանակ հետո ու հասկանալ`  հասարակությունը, իշխանությունը, քաղաքական ուժերը , բանակը և ամենակարևորը՝ որո՞նք են դասերը, և այդ դասերից ի՞նչ պիտի քաղենք: Կարծես, ո՛չ հասարակությունը, ո՛չ իշխանությունները, ո՛չ այդ դասերի, ո՛չ սովորելու ընթացքի սահմանումները չեն կարող տալ.և դա շատ տխուր է:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>