Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվեց նկարչուհի Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: «Ծառ», «Ծաղիկ», «Արև», «Բնապատկեր», «Իրականություն» գեղանկարչական շարքերով ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 40 նկար:
Լրագրողների հետ զրույցում Նազիկ Ասլանյանը մանրամասնեց՝ մտքերը, գաղափարները փոխակերպվում են գեղանկարչական շարքերի, որոնց թեմաներն արդեն 15 տարուց ավելի գոյություն ունեն իր ստեղծագործություններում:
Նա ամփոփ առաձին-առանձին անդրադարձավ իր գեղանկարչական շարքերին: ««Արև» շարքը կարծես առանցքային է իմ ստեղծագործությունների մեջ իր գաղափարով՝ լույսի, հավերժությամբ: «Իրականություն» շարքում աբստրարկտ նկարներ են` մտքերի , զգացմունքների, պոռթկումների կերպարներ: Այն ավելի շատ է մեր իրականության մեջ, ավելի մեծ դեր ունի, քան ինչ տեսնում ենք»,- ասաց Նազիկ Ասլանյանը:
«Բնապատկեր» շարքն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: «Բնության պարզության մեջ գոյություն ունեցող խորությունը, շունչն արտահայտող պատկերներ են: Ցույց եմ տվել բնության պարզության մեջ իր հզորությունը: «Ծառեր» շարքում կարծես կեղևի տակ փնտրում եմ կյանքի խորհուրդը, էությանը: «Ծաղիկներ» շարքն ինքնին բնության փոքր մասնիկի հզորության շեշտադրումն է»,- նկարագրեց նկարչուհին:
Ներկայացված էր նաև նկարչուհու թվով երկրորդ պատգերագիրքը, որտեղ իր վերջին 7 տարիների աշխատանք է ներկայացված:
Ցուցահանդեսին ներկա Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե հեղինակին ծանոթ չլիներ՝ կենթադրեր, որ սա խորիմաստ, ներքին մեծ ուժ ունեցող տղամարդու ստեղծագործություններ են: «Բայց իհարկե ճանաչելով հեղինակին՝ շատ նազիկական են, իրենն են և չես շփոթի ուրիշի աշխատանքների հետ: Այն կիրքը, եռանդը, որ ունի Նազիկը, ինձ զարմացնում է և շատ ոգևորում: Իր ստեղծագործություններում կա մեծ ոգի, ուժ և շատ մեծ դրական լիցքեր է հաղորդում»,- ասաց նա:
Արվեստաբան Էմանուել Մանուկյանը նշեց, թե Նազիկի ցուցահանդեսներում գեղեցկության երաժշտություն է լսում: «Մեր ժամանակներում միշտ չէ, որ իր լիարժեք արտահայտություններ են գտնում, կան կեղծ և իրական գեղեցկություններ, Նազիկ Ասլանյանի կտավները իրական գեղեցկությանը նվիրված ձոներ են: Ես շատ կուզենայի այս աշխատանքները ցուցադրվեն ոչ միայն պատկերահանդեսներում, այլ դառնային ճարտարապետական կառույցների բաղկացուցիչ մասը՝ ներքին հարդարանքի գեղեցկությունը»,- ասաց նա:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 5-ը:
Նշենք, որ Նազիկ Ասլանյանը դեռևս 1993 թվականից անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և աշխարհի տարբեր քաղաքներում՝ Լոնդոն, Վաշինգտոն, Կանադա, Սոֆիա, Նյու Յորք, Բեյրութ և այլն: Հայաստանում վերջին անգամ անհատական ցուցահանդես ունեցել է 2015-ին: