Սիրիայի բանտերում, որոնք գտնվում են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերահսկողության տակ, 2011-ի մարտից ի վեր առնվազն 60 000 մարդ է մահացել, որոնց թվում առնվազն 110-ը` 18 տարեկանից փոքր են եղել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` այս մասին հայտնել են Մարդու իրավունքների սիրիական ընդդիմադիր դիտորդական խորհրդի մասնագետները` վերլուծելով սիրիական բանակի և հատուկ ծառայությունների տվյալները: Այդ աղբյուրներից բացի, դիտորդական կենտրոնը ինքնուրույն բացահայտել է 14 450 մահվան դեպք:
Իրավապաշտպան կազմակերպության հավաքագրած տեղեկությունների համաձայն` բանտերում մահվան պատճառ են դառնում տանջանքները, սովը, դեղամիջոցների պակասը և կեցության վատ պայմանները:
Փետրվարին ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին մեղադրում էր բանտարկյալների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու համար: