Կարսի դատարանը մայիսի 25-ին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Ուլքու օջաքլար» («Իդեալիստական օջախներ») ուլտրաազգայնական կազմավորման (առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր») Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգուզելին` «ժողովրդի որոշակի հատվածի նկատմամբ ատելություն սերմանելու» համար:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, դատարանն Ադըգուզելին պարտավորեցրել է նաև 11 240 թուրքական լիրա տուգանք վճարել:
Դատարանն ավելի ուշ որոշում է կայացրել նրան ազատազրկել 7 ամիս 15 օր ժամկետով, քանի որ հանցագործությունն իրականացվել է մամուլի միջոցով, ինչն առավել խիստ պատժի է ենթակա:
Դատարանը հաշվի է առել, որ Թոլգա Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել և հետաձգել է պատժի կիրառումը։
Նշենք, որ Ադըգուզելի դեմ դատական հայցը ներկայացրել էր Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` հայցում մեջբերելով 2015-ին խորհրդարանական մամուլի ասուլիսում վերջինիս հնչեցրած` ատելություն սերմանող արտահայտությունները: