Հայաստանի 2015/16թթ. առաջնության մեկնարկից առաջ չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը Երեւանի «Փյունիկն» էր, որը մեկ տարի առաջ մեծ առավելությամբ հաղթել էր Բարձրագույն խմբում: Իր կազմում ունենալով ազգային եւ երիտասարդական հավաքականի մեծ թվով խաղացողների՝ «Փյունիկը» այս անգամ գրավեց ընդամենը 3-րդ հորիզոնականը:
Armsport.am-ն առանձնացրել է հիմնական պատճառները, որոնք թույլ չտվեցին «Փյունիկին» հասնել հաջողության:
1. Լեգեոներների բացակայությունը
«Փյունիկը» Հայաստանի առաջնության միակ թիմն է, որը հանդես է գալիս բացառապես տեղացի ֆուտբոլիստներով: Վերջին տարվիներին ակումբը փորձում է հանդես գալ առանց լեգեոներների, սակայն կային դիրքեր, որտեղ «Փյունիկը» հրավիրում էր արտասահմանցիների եւ հասնում էր հաջողության: Օրինակ, նախորդ տարի մեքսիկացի Սեզար Ռոմերոն փայլեց հարձակման գծում, իսկ «Փյունիկը» մեծ առավելությամբ նվաճեց չեմպիոնի կոչումը:
2. Հարձակման գիծը
Պաշտպանությունում «Փյունիկը» հաջող մրցաշրջան անցկացրեց եւ ամենաքիչ գնդակ բաց թողած թիմն է ավարտված առաջնությունում (21), իսկ ահա հարձակման գիծը առաջնության երկրորդ կեսում խիստ անհաջող հանդես եկավ, ինչի արդյունքում թիմը մեծ թվով միավորներ կորցրեց: Թիմի ռմբարկու Վարդան Պողոսյանը վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության 3-րդ շրջանը եւ շարք վերադարձավ միայն վերջնամասում: «Փյունիկը» Պողոսայանին փոխարինող չկարողացավ գտնել իր կադրերի շարքում: Չգտնվեց փոխարինող նաեւ Զավեն Բադոյանին, ով նախորդ առաջնության 2-րդ հատվածում հրաշալի խաղ ցուցադրեց, սակայն ամռանը հեռացավ թիմից: Ռոմերոյի եւ Բադոյանի հեռանալուց հետո «Փյունիկը» պետք է որոշակի համալրում ստանար, ինչը տեղի չունեցավ:
3. Չեմպիոն դառնալու ոչ բավարար ցանկությունը
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց, որ թիմի խնդիրը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ որակյալ կադրեր պատրաստելը եւ լավ խաղ ցուցադրելը: Նման հայտարարություններ լսող ֆուտբոլիստների մոտ չի կարող ձեւավորվել հաղթողի բնավորություն: Եթե չեմպիոն դառնալու խնդիր դրված չէ, ապա արդյունքը մղվում է 2-րդ պլան եւ հաղթելու ցանկությունն էլ ոչ բավարար է լինում:
4. Սեփական հարկի փոփոխությունները
«Փյունիկը» մրցաշրջանի ընթացքում մրցակիցներին հյուրընկալեց Ֆուտբոլի ակադեմիայում եւ «Հանրապետական» մարզադաշտում: 2 մարզադաշտերում հանդես գալով՝ «Փյունիկը» մեծ հաշվով կորցնում էր տանտիրոջ առավելությունը: Առաջնության մյուս մասնակիցների մոտ նման փոփոխություններ հիմնականում չեն լինում:
5. Հավաքականի անդամների անկայուն խաղը
«Փյունիկում» ելույթ են ունենում ազգային հավաքականի մի շարք անդամներ: Նրանք այս մրցաշրջանում իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Նրանք չկարողացան իրենց հետեւից տանել ավելի անփորձ խաղընկերներին:
6. Մարզադպրոցի ոչ արդյունավետ աշխատանքը
Ինչպես արդեն նշվեց, «Փյունիկը» շեշտը դնում է տեղացի կադրերի վրա եւ նման քաղաքականություն վարող ակումբը պետք է ունենա շատ ուժեղ մարզադպրոց: Մինչդեռ վերջին տարիներին «Փյունիկի» մարզադպրոցի սաներն աչք են ընկնում համեստ ելույթներով: Եթե ժամանակին «Փյունիկում» աճեցին այնպիսի խաղացողներ ինչպիսիք են Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Էդգար Մանուչարյանը և իրենց որակի խաղացողներ, ապա ներկայում պատկերն այլ է…