Հանրապետական գործարար պատգամավոր, «Եվրոստան» ընկերության հիմնադիր Մանվել Բադեյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ցանկացած մենաշնորհ չարիք է, և եթե հնարավոր չէ այն վերացնել, ապա կառավարությունը պետք է դրանք սահմանափակի:
- Պարո՛ն Բադեյան, դուք գործարար պատգամավոր եք, ինչո՞ւ, օրինակ, շաքարավազ չեք ներկրում:
- Մեր օրենսդրությունը ազատ տնտեսական մրցակցության մասին օրենսդրություն է, և ցանկացած մեկ, ով ուզում է զբաղվել գործարարության այս կամ այն ոլորտով, կարող է զբաղվել էդ ոլորտով, իրավունք ունի: Ես էդ ռեսուրսները չունեմ, ես չունեմ նավով շաքար առնելու փող: Էդպիսի մարդիկ քիչ են լինում: Բոլոր երկրներում շաքար ներկրողների թիվը շատ սահմանափակ է, բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է չմիջամտի էդ պրոցեսին:
- Որպես գործարար պատգամավոր տեսնո՞ւմ եք իրական քայլեր մենաշնորհների դեմ պայքարի ու գործարար դաշտի բարելավման հետ կապված:
- Այո, քաղաքական կամքը ձևավորվել է արդեն: Ինչ վերաբերում է մեխանիզմներին և արդյունքներին, պետք է մի քիչ սպասել, իհարկե: Չի կարելի համեմատել էսօրվա հարկային- մաքսային վարչարարությունը սրանից 2 տարի առաջվանի հետ:
- Սակայն գործարարներն այսօր էլ նույն խնդիրների առաջ են՝ անհավասար մրցակցության, կաշառքներ և այլն: Դուք նման խնդիրների չե՞ք հանդիպում:
- Ոչ, չեմ հանդիպում, նույնը չի: Այո, էլի թերություններ կան, ի՞նչ խոսք, բայց առաջընթացը չի կարելի չնկատել: Եթե հարցնեք, մյուս գործարարներն էլ անպայման կասեն, որ առաջընթաց կա:
- Եթե գործարար միջավայրի բարելավման առաջընթաց կա, ամեն ինչ լավանում է, ինչո՞ւ է մեր գործարար դաշտը գնալով կրճատվում՝ ներդրումներն են պակասում, ընկերություններ են փակվում:
- Պատճառները շատ են: Դա հանգեցնել միայն վարչարարությանը կամ օրենսդրությանը, կլիներ սահմանափակ պատասխան հարցին: Գոյություն ունի միջազգային կոնյունկտուրա, գոյություն ունեն արմատական խնդիրներ՝ մեր շուկայի փոքր լինելը, մեր շրջափակման մեջ գտնվելը, ռեսուրսների սակավությունը:
- Որպես գործարար դաշտի ներկայացուցիչ, կասե՞ք, ըստ Ձեզ՝ կառավարությանը կոնկրետ ինչպես պետք է մենաշնորհների դեմ պայքարի: Կոնկրետ որ մենաշնորհն է այսօր առավել խանգարում դաշտում:
- Ցանկացած մենաշնորհ չարիք է: Բնական մենաշնորհների ձևավորումն անխուսափելի է, օրինակ, էլեկտրացանցերը կամ գազը, դրանք բնական մենաշնորհներ են: Մյուս մենաշնորհների ձևավորման տրամաբանությունը հետևյալն է՝ մեծաքանակ ներկրողները միշտ հայտնվում են ավելի լավ վիճակում, որովհետև ապրանքի արժեքը մեծապես կախված է դրա ձեռքբերման քանակից: Օրինակ՝ հացամթերքը կամ նույն շաքարավազը վաճառում են նավերով՝ մի քանի հազար տոննայով միանգամից: Եվ էդտեղ էլ, բնական է, որ շուկայի մասնակիցները շատ չեն կարող լինել, որովհետև մանր ներկրողները գլխանց ավելի վատ վիճակի մեջ են գտնվում, որովհետև ստիպված են լինելու ավելի թանկ գնել էդ ապրանքները: Էդ տեսակ մենաշնորհների հարցում պետությունը պետք է մտցնի սահմանափակումներ՝ շահութաբերության սահմանափակում, ընդհուպ մինչև՝ գների սահմանում և այլն: Ցանկացած մենաշնորհ չարիք է, և եթե այն հնարավոր չի վերացնել, ապա անհրաժեշտ է մտցնել սահմանափակումներ: Էդ ուղղությամբ, իհարկե, կառավարությունը գործում է: Պետությունը պետք է սահմանափակի մոնոպոլ ախորժակները՝ թույլ չտա գների կտրուկ բարձրացումներ կամ անկումներ: Պետք է անընդհատ մոնիտորինգի տակ պահի: Ամբողջ աշխարհում էդպես է արվում: Ամբողջ աշխարհում կան մոնոպոլիաներ, և էնպես չի, որ էդ մոնոպոլիայի դեմ պայքարի ձևը մարդկանց գնդակահարելն է: Կարո՞ղ ես ավելի էժան շաքարավազ բերես, գնա, բեր, բայց չես կարող:
Մարինե Խառատյան