Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին քննադատում են այն բանի համար, որ նա ձգտում է դեպի Թուրքիան, սակայն կա առավել պակաս ժողովրդավարական մի երկիր, որին Բեռլինը փորձում է սիրաշահել` Սաուդյան Արաբիան, ինչին զարմանալիորեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, իր վերլուծական հոդվածում գրում է գերմանական Die Welt պարբերականը:
«Թուրքիան, որի նախագահը իր ձեռքերում գնալով ավելի շատ իշխանություն է կենտրոնացնում, Գերմանիայում կոշտ քննադատության է ենթարկվում: Իսկ Սաուդյան Արաբիայի թագավորությունը արմատական իսլամիզմի երկիր է, որը սովորաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհի անազատ երկրների ցուցակում», - գրում է պարբերականը:
Die Welt-ի բնորոշմամբ` Գերմանիան փորձում է «գրավել» սաուդացիներին մի պարզ պատճառով. փախստականների ճգնաժամը լուծելու համար նրանք Գերմանիային անհրաժեշտ են ոչ պակաս, քան թուրքերը: Սաուդյան Արաբիան կարևոր դեր է խաղում սիրիական հակամարտության կարգավորման հարցում, որն էլ փախստականների հետ կապված ճգնաժամի պատճառներից մեկն է: