ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ՀԱՊԿ-ի արտագնա նիստը, մինչ այդ նախագահներ Պուտինի և Սարգսյանի հանդիպումները և զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի կարելի դիտարկել որպես առանձին, չփոխկապակցված ու պատահական մարտական գործողություններ: Ըստ նրա, ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմը մեր տարածաշրջանի վրա լուրջ ազդեցություն գործելու տարբեր արդյունավետ լծակների է տիրապետում: «Իսկ դա նշանակում է նաև, որ Կրեմլի տրամադրվածությունը կարող է լուրջ նշանակություն ունենալ և անգամ որոշիչ լինել զինադադարի արդյունքը հանդիսացող հեղհեղուկ խաղաղության հետագա պահպանման կամ պատերազմի վերսկսման նպատակահարմարությունը կանխորոշելու տեսանկյունից»,- ասաց նա:
-Պարոն Մելիքյան, տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այնուհետև Երևանում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտագնա նիստը: Միաժամանակ սահմանին լարված իրավիճակ է, ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել: Ադրբեջանական կողմի սադրանքները հերթական անգամ ի՞նչ նպատակ են հետապնդում և այս հանդիպումները կարելի՞ է կապել սահմանի լարվածության հետ:
-Ճակատային գծում Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակների կիրառմամբ հրադադարի խախտմանն ուղղված միջադեպերի հրահրումը չի կարելի դիտարկել որպես առանձին, չփոխկապակցված ու պատահական մարտական գործողություններ: Պաշտոնական Բաքուն, ելնելով իր կողմից որդեգրված քաղաքական գծի տրամաբանությունից, հետևողականորեն կիրառում է հակամարտ զինված ուժերի շփման գոտում իրավիճակը մշտապես թեժ պահելու մարտավարությունը: Ուստի նաև վերջին օրերի իրադարձությունները պետք է դիտարկել Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության համատեքստում: Միջադեպերը կշարունակվեն և, գուցե, առաջիկայում ավելի լուրջ բնույթ կստանան, եթե հայկական կողմերը քաղաքական մակարդակում դրանց կանխումն ապահովող քայլեր մշակելու և իրականացնելու կամքն ու կարողունակությունը չունենան:
-Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:
- Դժվար է ասել, թե պարոն Սարգսյանը ռուսական կողմի կոնկրետ որ ջանքերի համար անհրաժեշտ համարեց իր երախտագիտությունն արտահայտել նախագահ Պուտինին: Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմը մեր տարածաշրջանի վրա լուրջ ազդեցություն գործելու տարբեր արդյունավետ լծակների է տիրապետում, իսկ դա նշանակում է նաև, որ Կրեմլի տրամադրվածությունը կարող է լուրջ նշանակություն ունենալ և անգամ որոշիչ լինել զինադադարի արդյունքը հանդիսացող հեղհեղուկ խաղաղության հետագա պահպանման կամ պատերազմի վերսկսման նպատակահարմարությունը կանխորոշելու տեսանկյունից: Բոլոր դեպքերում, առայժմ Ռուսաստանում, կարծես թե, դեռ հակված են կյանքի կոչել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևը:
- «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով...» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է Հայկական բանակի ռազմական ներուժը և ռազմական գաղտնիքներ հրապարակել: Այնուհետև իր զարմանքն է արտահայտել թե ինչու են այսքան վրդովված և որ ինքն օգտագործել է միայն բաց աղբյուրներ: Կարծում եք դա պատահականությո՞ւն էր,և արդյո՞ք բաց աղբյուրում դրվում է Զինված ուժերի զորամասերի տեղադրությունը՝ ըստ կորպուսների ու ռազմական կայանների, համարներով, քանակով և այլն: Ըստ Ձեզ, սա պատահականություն կարելի՞ է համարել, թե՞ համակարծիք եք որոշ փորձագետների դիտարկումներին, որ մեսիջ էր ՀՀ-ին:
-Սա պատահականություն համարել չեմ կարող՝ այդ հոդվածի միջոցով, հավանաբար, որոշակի քարոզչական խնդիրներ էին լուծում: Բնական է, որ հոդվածագիրն օգտվել է գերազանցապես բաց շրջանառության մեջ գտնվող տեղեկատվությունից, սակայն չեմ բացառում, որ հոդվածում ներառված տեղեկությունների մի մասն էլ նա ստացել է անմիջականորեն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարությունից կամ էլ ՌԴ ՊՆ համապատասխան կառույցներից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացված չի եղել, ինչը խոսում է հօգուտ այն տեսակետի, ըստ որի՝ այս ամենը պարզապես պաշտոնական Բաքվին հաճոյանալու և Իլհամ Ալիևին Մոսկվայի հանդեպ լրացուցիչ վստահությունը ներշնչելու նպատակն է հետապնդել: Ամեն դեպքում տհաճ ու երկկողմ հարաբերություններին առնվազն բարոյական վնաս պատճառած միջադեպ է:
-Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանի գործընկերային պարտավորությունների մասին ռուս փորձագետների հիշեցումները անհանգստացնում են հայաստանյան փորձագիտական հանրությանը։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ դեր է Կրեմլը վերապահում Հայաստանին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում։
- Վերջին շրջանում ռուսաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակների տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են խոսել Թուրքիայի քաղաքական շահերին ու նպատակներին հակազդելու նպատակով հայկական հարցի արծարծումը ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Կոնկրետ այդ խոսակցությունները, գոնե առայժմ, բացառապես պոպուլիստական ու դեմագոգիկ բնույթ են ունեցել՝ ոչ մի լուրջ, քաղաքական առումով հասուն և անգամ գոնե միայն ռուսական կողմի համար գործնական տեսանկյունից օգտակար նախաձեռնություն կամ գաղափար չի հնչեցվել: Ամեն դեպքում Մոսկվան առարկայական հիմք չունի կասկածելու, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կարող է նվազագույն խոչընդոտ ստեղծել Թուրքիայի նկատմամբ ՌԴ քաղաքական մոտեցումների իրականացման համար: