Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը դատական հայց է ներկայացրել ոստիկան Սանդրա Բերտինի դեմ, ում պնդմամբ, նախարարի գրասենյակն իր վրա ճնշում է գործադրել` ստիպելով կեղծ ցուցմունք տալ հուլիսի 14-ին` Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության մանրամասների վերաբերյալ:
Ինչպես նշում է The Guardian-ը, ֆրանսիական Journal du Dimanche ամսագրին տված հարցազրույցում կինն ասել է, որ Կազնևի գրասենյակից իրեն կարգադրել են կեղծ ցուցմունք տալ առ այն, որ ահաբեկչության պահին Նիցցայի լողափում հերթապահություն են իրականացրել ոստիկանները, ովքեր իրականում այնտեղ չեն եղել:
Մինչդեռ նախարար Կազնևն այս ամենը զրպարտանք է որակել ու հանդես եկել դատական հայցով:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման օրվա առթիվ բացօթյա տոնակատարությունների ժամանակ, ծագումով թունիսցի Մոհամեդ Բուհլելը, գտնվելով բեռնատարի ղեկին, զիգզագաձև շարժումներով մխրճվել է մարդկային ամբոխի մեջ` խլելով 84 մարդու կյանք:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավարումը, իսկ ահաբեկիչը սպանվել է իրավապահների կողմից: