Չարլզ Բուկովսկին համարվում է աշխարհի ամենատաղանդավոր գրողներից մեկը, ով երբեք չէր ապրում հանրության կողմից ընդունված նորմերի ու կանոնների համաձայն: Նա չափից ավելի շատ էր տարված ալկոհոլով ու կանանցով, իսկ ստեղծագործական կյանքում գրում էր ոչ թե ընթերցողի համար հաճելի, այլ` մեզ շրջապատող դառը իրականության մասին:
AdMe.Ru կայքն ուշագրավ ծաղկաքաղ է արել Բուկովսկու արտահայտած մտքերից ու ներկայացրել դրանցից ամենահետաքրքիրները։
Կյանքի մասին
Չեմ հավատում, որ հնարավոր է այս աշխարհն ավելի լավը դարձնել, բայց հավատում եմ, որ կարելի է չնպաստել դրա հետագա վատթարացմանը:
Երբ դու արբած ես, աշխարհն էլի գոյություն ունի, բայց այդ ժամանակ այն քո կոկորդից բռնած չի:
Աշխարհը փրկելու համար պետք է ամեն մարդու հատիկ-հատիկ փրկել. բոլորին փրկելը` ռոմանտիզմ կամ քաղաքականություն է:
Կանանց մասին
Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք լավագույնի ու վատագույնի, կախարդականի ու սարսափելիի համադրություն են: Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ նրանք կան:
Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են նայում կամ գարեջուր խմում, նրանք` կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում, ուսումնասիրում ու որոշում ` ընդունել մեզ, թե դեն նետել, փոխանակել ինչ-որ մեկի հետ, սպանել, թե ուղղակի թողնել-հեռանալ:
Ինչպես կարելի է վստահել այն էակին, ով ամեն ամիս արնահոսում է, բայց չի մեռնում:
Տաղանդի ու գրողների մասին
Գրողները հուսահատության ճիրաններն ընկած մարդիկ են, և երբ նրանց մոտ հույս է առաջանում, նրանք դադարում են գրող լինել:
Ինտելեկտուալը պարզ երևույթի մասին բարդ է խոսում, իսկ նկարիչը բարդ երևույթը նկարագրում է շատ պարզ:
Մարդկանց մասին
Որոշ մարդիկ չեն կարողանում խենթանալ. նրանք այնքան ձանձրալի կյանք են վարում:
Իհարկե, կարելի է մարդուն սիրել, եթե, իհարկե, նրան շատ մոտիկից չես ճանաչում:
Ներուժը ոչ մի նշանակություն էլ չունի, պետք է գործել:
Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, չի նշանակում, որ նա հիմար է: Նշանակում է, որ քեզ ավելի շատ էին վստահում, քան դու արժանի էիր:
Գեղեցկությունը փուչ բան է: Դու անգամ պատկերացում չունես, թե որքան է բախտդ բերել տգեղ լինելու հարցում: Դա նշանակում է, որ եթե մարդիկ քեզ հավանում են, ուրեմն քո մեջ ինչ-որ բան կա:
Հեռուստաէկրանին ամեն տեսակի աղբ տեսնելն այնքան սովորական բան է դարձել, որ մարդիկ արդեն չեն էլ գիտակցում, որ միմիայն աղբ են նայում:
Մարդկային ցեղին ինչ էլ տաս նա կփչացնի, կաղավաղի ու կկործանի դա:
Սիրո մասին
Սերը կիթառահարների, կաթոլիկների ու շախմատային մանյակների համար է:
Սեքսը հիանալի բան է միայն այն ժամանակ, երբ զբաղվելու ուրիշ բան էլ չկա:
Ինքն իր մասին
Միայնությունն ուժեղացնում է ինձ, առանց դրա ես կարծես առանց հացի ու ջրի եմ:Առանց դրա անցկացրած ամեն օրը թուլացնում է ինձ: Ես չեմ հպարտանում իմ միայնությամբ, բայց կախում ունեմ դրանից:
Ես չափից ավելի լավ գիտեմ իմ թերությունների մասին, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ:
Ես ամուսնացած եմ, բայց կին չունեմ: Իմ կինն իմ սեփական կյանքն է: