ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Ընտրական օրենսգրքի նախագծի մանրուքներին ծանոթ չէ, բայց քաղաքական որոշմանը ծանոթ է, քանի որ ինքն էլ մասնակից է դրան:
«Իսկ քաղաքական որոշումը կուսակցության, երկրի Նախագահի այն է, որ այդ ընտրությունները պետք է լինեն բացարձակապես թափանցիկ: Դրա մասին հայտարարել է երկրի Նախագահը և նույնիսկ կարևոր չէ, թե ով է հաղթելու, կարևորն այն է, որ այդ ընտրությունները որևէ կասկածի տեղիք չթողնեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ստորագրված ընտրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը Մանվել Բադեյանը միանշանակ չի համարում, քանի որ ըստ նրա՝ այդտեղ մարդու իրավունքների խախտում կա:
«Տեսաբանների մի մասը կարծում է, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է, մյուս մասը կարծում է, որ ոտնահարելու խնդիր չկա։ Բոլոր դեպքերում հարցը քննարկվում է, բայց իմ կարծիքով՝ ամենամեծ արդարությունը մարդու իրավունքները չսահմանափակելն է»,-ասաց նա և հավելեց, թե միանշանակ չի կարելի ասել՝ որն է դրանցից ճիշտը:
«Քննարկման փուլում է, բայց երկու դեպերում էլ դրանով չի ապահովվում ընտրությունների թափանցիկությունը: Կարևորը կամքն է, և հավատացնում եմ ձեզ՝ իշխանությունն այդ կամքն ունի»,-ասաց նա: