Բրիտանացի հնէաբանն իր բիգլ ցեղատեսակի շանը սովորեցրել է ոսկորներ հայտնաբերել, 4-ամյա կենդանին հնագույն ռնգեղջյուրի ոսկոր է գտել և ցույց տվել տիրոջը: Ինչպես հայտնում է Fox News-ը, խոսքը 250 000 տարի առաջ ապրած ռնգեղջյուրի մասին է:
Հնէաբան Ջեյմի Ջորդանը, որն աշխատում է ուսումնական կենտրոնում, ազատ ժամանակն անցկացնում է իր ընտանի կենդանուն վարժեցնելով: Եվ նրա ջանքերն իզուր չեն անցել: Օրերից մի օր բիգլը յուրահատուկ գտածո է բերել տիրոջը, որն, ինչպես պարզվել է, հնագույն ռնգեղջյուրի է պատկանել:
Այս հայտնագործությունից բացի Կրիստալ անունով շունը այլ առարկաներ էլ է պեղել, սակայն հենց այս ոսկորն է ամենից շատ ստիպում շան տիրոջը հպարտանալ:
Յուրաքանչյուր «որսից» առաջ գիտնականը շանը հնագույն կենդանիների ոսկորներ է տալիս հոտոտելու, և եթե շունը նոր արժեքավոր իր է գտնում, հյուրասիրության է արժանանում: Այսպիսով, պեղումները վերածվում են զվարճալի խաղի:
Ջորդանը նշում է, որ ոգեշնչվել է 19-րդ դարի հնէաբան Մերի Էնինգից, որը պեղումների ժամանակ միշտ իր հետ տանում էր իր շանը: