Ճապոնական «Ֆուկուշիմա» ատոմակայանի հարևանությամբ գտնվող Օկումա փոքրիկ քաղաքը միջուկային աղետից ութ տարի անց մասամբ վերաբացվել է, գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով ատոմակայանը վթարվել էր՝ ստիպելով տեղանքի տասնյակ հազարավոր բնակիչների փախուստի դիմել:
Նշվում է, որ ատոմակայանի արևմտյան հատվածի կողքին գտնվող Օկումայի մոտ 40%-ը մշտական բնակության համար անվտանգ է հայտարարվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օկումայի գրանցված 10 341 բնակչից միայն 48-ն է վերադարձել:
Օկումայի մնացած հատվածը բնակության համար պիտանի չէ, քանի որ այնտեղ ճառագայթման մակարդակը շատ բարձր է: Այժմ իշխանությունները լիահույս են, որ նոր քաղաքապետարանի բացումն ու այլ ենթակառուցվածքային նախագծերը կոգևորեն մարդկանց հետ վերադառնալու հարցում:
Այնուհանդերձ՝ ճառագայթման վտանգը շարունակում է անհանգստացնել տեղահանված բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր փոքր երեխաներ ունեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օկումայի մի հատվածն օգտագործվում է մի քանի միլիոն խմ ճառագայթված հող պահելու համար: Կառավարությունը խոսք է տվել մինչև 2045թ. ճառագայթված հողը հեռացնել Ֆուկուշիմա պրեֆեկտուրայից, սակայն դեռևս մշտական պահեստ չի գտել:
2011թ. մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուշիմա»-ի ատոմային վեց ռեակտորից երեքի աշխատանքը խափանվել է, ինչն էլ ճառագայթված ջրի զանգվածային արտահոսքի պատճառ է դարձել: Դրա հետևանքով ավելի քան 160 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
↧
Ֆուկուշիմայի միջուկային աղետից հետո ատոմակայանի հարևանությամբ գտնվող քաղաք են վերադարձել առաջին բնակիչները
↧