ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ներկայացված առաջարկված փոփոխությունները, ըստ որի՝ բուքմեյքերային գրասենյակները կամ «բեթշոփերը» ՀՀ տարածքում գործելու սահմանափակումներ կունենան, մասնավորապես՝ Երևանում կփակվեն և կգործեն բացառապես սահմանված վայրերում. փոխարենն օնլայն տիրույթում կարող են խաղադրույքներ կատարել, ինչի շնորհիվ «նիսյա» գաղափարը կվերանա:
Նա ներկայացրեց նախատեսված վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները: «Բուքմեյքերային գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բացի այս վայրերից, այլ վայրերում «բեթշոփեր» իրավունք չունեն գործել:
Ալեն Սիմոնյանը կետ առ կետ ներկայացրեց փոփոխությունները. նախագծով արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում: «Սրանով սահմանափակվում է օտարերկրյա՝ օրինակ թուրքական, անգլիական կազմակերպությունները գովազդել ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիներին ներքաշելը խաղի մեջ»,-ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ կթույլատրվի ինտերնետ տոտալիզատորը ՀՀ տարածքում կազմակերպել, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են ՀՀ տարածքում, ունեն ՀՀ համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» եւ/կամ «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:
Բացի այդ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը: Սիմոնյանը բացատրեց, որ սահմանափակումն այսօր էլ կա, բայց լավ չի գործում և սրանով արդեն կվերահսկվի:
Մեկ այլ հոդվածով՝ կազմակերպիչը ապահովում է հինգ հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության ողջ ընթացքը և ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ալեն Սիմոնյանը բացատրեց, որ այս գումարը երաշխիք է համարվում՝ եթե կազմակերպությունը մեկ այլ գործունեություն է ծավալում, բայց շահում ստացած անձին դեռևս գումար չի կարող վճարել, այսուհետ ունենա անհրաժեշտ գումար վճարելու համար:
Հոդված 5.1-ով սահմանվում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիզատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը: «Այսինքն՝ ընտանիքի անդամը հնարավորություն է ստանում դատարանի միջոցով արգելել խաղալ, որը շատ կարևոր է, իսկ օնլայն տիրույթի պարագայում դա ավելի հեշտ ու վերահսկելի է»,-ասաց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, որ օրինագծով արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով մասնակցության: Նշված հաշիվները համալրվում են և հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով: «Սրա նպատակն է վերացնել կամ նվազեցնել կանխիկի շրջանառությունը: Բացի այդ, սրանով անչափահասներին հետ կպահենք խաղալուց, «նիսյաններից», ու կվերահսկվի՝ ինչքան գումար է շրջանառվում»,-ասաց նա:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նախագծով արգելվում է ՀՀ տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը: Այս կետով կարգելվեն գազալցակայաններում տեղադրված խաղասրահները:
ԱԺ փոխխոսնակը վերջում անդրադարձավ այն հարցին, թե ինչու չեն ընդհանրապես արգելում ՀՀ տարածում այս գործունեությունը: Նա նշեց, որ կան փաստեր, որոնց հետ չեն կարող հաշվի չնստել:
«Որպեսզի սահմանափակում ունենանք օնլայն տիրույթում, մեր բյուջեից մոտ 1 մլրդ դոլարի փող պետք է հատկացնենք և ստանանք 60 տոկոսով փակման հնարավորություն»,-ասաց նա և հավելեց, որ համացանցային բուքմեյքերական ընկերությունները, որոնք ՀՀ բյուջե գումար չեն տալիս, գովազդում են և մենք դա արգելել պարզապես չենք կարող:
Սիմոնյանը նշեց, որ օնլայն տիրույթում խաղադրույքները ունի իր դրական և բացասական կողմերը. «Դրական կողմն այն է, որ մենք կարողանում ենք վերահսկել «նիսյաները», անչափահասների խաղերը, մուտքերն ու ելքերը»:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը: Նա հայտնեց, որ այս քաղաքականությունն ընդունելի է կառավարության համար և դրական եզրակացություն է ստացել:
Փոխարենը նախագծի որոշ դրույթներին դեմ էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում կարծիքով՝ «բեթշոփերը» փակելով խաղամոլության հարցը չի լուծվում, և այս դեպքում հոնքը ուղղելու փոխարեն, աչքն է հանում: Ըստ նրա՝ անչափահասները, այսպես թե այնպես, բուքմեյքերական գրասենյակներ չեն մտնում, բայց օնլայն խաղում են, ինչը չի արգելվում, և միայն բյուջեն է տուժելու:
Ալեն Սիմոնայնն էլ հակադարձեց՝ եթե կարող են գոնե տարածքային սահմանափակումներ անել, ինչո՞ւ չանեն: «Ձեր դիրքորոշումը նշանակում է Բժշկականի դիմաց գտնվող խաղատունը պետք է գոյություն ունենա, և նման բազմաթիվ վայրեր կան Երևանում: Եթե ավելի շատ են խաղում օնլայնում, դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ կարելի է սահմանափակել, չենք անի»,-ասաց նա: