Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները դեռևս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուն, այս մասին РИА Новоасти-ի հետ զրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Ներկա փուլում ԵԱՏՄ անդամ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ լիարժեք ձևաչափով շուկա բացելուն, ինչպես պահանջում են ազատ առևտրի գոտի ստեղծելու կանոնները»,- ասել է Նիկիշինան:
Նրա խոսքով՝ նման բանակցություններից առաջ պետք է վերլուծել այդ քայլի հնարավոր հետևանքները:
Նախարարը հիշեցրել է, որ անցած տարվա մայիսին ԵԱՏՄ-ն և Չինաստանը առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են կնքել:
«Չինաստանն արդեն վավերացրել է համաձայնագիրը, այժմ ԵԱՏՄ-ն ավարտին է հասցնում անհրաժեշտ գործընթացը, հետևաբար ենթադրում ենք, որ այն շուտով ուժի մեջ կմտնի»,- ասել է պաշտոնյան:
Այս համաձայնագիրը մաքսատուրքերի կրճատում կամ ծառայությունների ու պետական գնումների շուկաների բացում չի նախատեսում, սակայն այն կարող է զգալիորեն կրճատել առևտրում եղած խոչընդոտները, քանի որ դրանց մեծ մասը, ըստ Նիկիշինայի, ոչ թե մաքսատուրքերի հետ են կապված, այլ հավաստագրման, տեխնիկական կանոնակարգման և այլ վարչական ընթացակարգերի:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015թ-ի հունվարից: Միության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ղրղզստանը:
Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն էին հայտնել, այդ թվում՝ Չինաստանը, Թաիլանդը, Եգիպտոսը, Հնդկաստանը, իսկ Իրանը միության հետ արդեն նման գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր է կնքել: