ԱՄՆ խոշորագույն Նյու Յորք քաղաքում իշխանությունները կարմրուկով հիվանդացության 300 դեպքի պատճառով Բրուքլին շրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
«Մենք Բրուքլինի Ուիլյամսբերգ թաղամասում առողջապահական առումով արտակարգ դրության ռեժիմ ենք հայտարարում՝ կապված քաղաքում կարմրուկի 300 գրանցված դեպքի հետ, որոնց մեծ մասը կենտրոնացած է հենց Բրուքլինում»,- գրել է քաղաքապետը թվիթերյան իր էջում:
Դե Բլազիոն կոչ է արել այդ շրջանում բնակվող ծնողներին պատվաստել իրենց երեխաներին՝ վստահեցնելով, որ կարմրուկի դեմ պատվաստումներն արդյունավետ և անվտանգ են:
«Եթե հրաժարվեք պատվաստումներից, ձեզ կտուգանեն: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին և մեր ընտանիքներին»,- հավելել է քաղաքապետը:
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության հավանականության նվազեցման հիմնական միջոցը պատվաստումն է: