«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» կատարողականի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մեջբերեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի այն դիտարկումը, որ հասարակության կողմից ունենք հնդկական սերիալների ու Արմենչիկի բարձր պահանջարկ և այդ բարձր վարկանիշով արտադրանքը մերժելը սխալ է: Աննա Կոստանյանը հարց առաջադրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս են հանրօգուտ հաղորդումների պատվեր ներկայացնելու:
Տիգրան Հակոբյանն ասաց, որ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպում են ունեցել և որոշել, որ էլեկտրոնային հեռարձակողների միություն կստեղծվի, որը և՛ կպահպանի իրենց շահերը, և՛ կիրականացնի այն բարեփոխումները, որոնք այդ ոլորտին անհրաժեշտ են:
Հակոբյանը նաև նշեց, որ հնդկական սերիալների պահնաջարկը միջազգային թրենդ է: «Եթե խավ ունենք, որ ուզում է այդ սերիալները լինեն, ուրեմն պետք է լինի, բայց եթե ուզում ենք կողքը հանրօգուտ հաղորդումներ լինեն, ապա պետությունը պետք է օժանդակի»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ այդ պահանջարկը հեռուստառադիոընկերություններն իրենք են ստեղծում:
Տիգրան Հակոբյանը նաև ասաց, որ համաձայն չէ, որ դա գաղափարական-փիլիսոփայական վեճ է: «Բոլոր հասարակություններում հնուց մշակույթի երկու շերտ կա: Այն մշակույթը, որ ուզում եք ժողովրդին պարտադրել, դա պարտադրանքով չի լինում: Իհարկե, ձեր ասածը լավն է, բայց իմ համոզմամբ՝ դա հնարավոր չէ, ինչքան էլ սովորեցնես: Ստալինի ժամանակ նման միտում կար՝ քիչ նկարենք, բայց լավը, արդյունքում միշտ «Կուբանսկիե կազակի» էր ստացվում»,-ասաց նա: