Իսրայելում խորհրդարանական ընտրությունների նախնախան արդյունքները ցույց են տալիս, որ իսրայելցիները քվեարկել են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների ներկա վիճակի օգտին: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գլխավոր քարտուղար Սաիբ Էրեքաթը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Էքզիթ փոլի արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ իսրայելցիները քվեարկել են ստատուս-քվոն պահպանելու օգտին: Նրանք «ոչ» են ասել խաղաղությանը և «այո»՝ շրջափակմանը: Այն, որ ընտրված 120 պատգամավորից 18-ն է միայն կողմ 1967թ.-ի շրջանակում (հավանաբար նկատի ունի ՄԱԿ-ի թիվ 242 բանաձևը, որով կոչ է արվում Իսրայելին դուրս գալ իր կողմից զբաղեցրած որոշ տարածքներից – Tert.am) երկու պետություն ստեղծելու որոշմանը, վկայում է Իսրայելին շնորհված անպատժելիության մասին»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են կացվել երեկ: Քվեների 97% հաշվարկի արդյունքում Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հավաքել է ձայների 26,27%-ը, իսկ «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը՝ 25,94%-ը:
Արդյունքում երկու առաջատար կուսակցություններից յուրաքանչյուրը խորհրդարանում 35 մանդատ կստանա, ընդ որում՝ Նեթանյահուն խորհրդարանական մեծամասնությամբ կոալիցիա ձևավորելու ավելի մեծ շանսեր ունի. նրա՝ հավանական կոալիցիայի անդամների թիվը 65 է հաշվվում՝ ի դեմս նրա մրցակիցների կոալիցիայի 55 հավանական անդամի:
↧
«Նրանք «ոչ» ասացին խաղաղությանը». Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը մեկնաբանել է Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
↧