Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Բրազիլիայի Պորտո Վելյու քաղաքի ավտոմայրուղիներից մեկում և ցույց է տալիս՝ ինչպես է ահռելի անակոնդան անշտապ անցնում փողոցը՝ միևնույն ժամանակ կաթվածահար անելով երթևեկությունը:
Մինչ մի քանի մետր երկարությամբ սողունն անցել է ճանապարհային արգելապատնեշի վրայով, հետաքրքրասեր անցորդները շտապել են սմարթֆոններով ֆիքսել ուշագրավ տեսարանը:
Կենսաբան Ֆլավիո Տերասինիի կարծիքով՝ օձն առնվազն տասը տարեկան է եղել և կշռել է 30 կգ: Այն, հավանաբար, սնունդ էր որոնում:
«Երբեմն այս օձերը սնունդ գտնելու նպատակով կարող են հայտնվել քաղաքային հատվածներում: Այստեղ նրանք կարող են շուն կամ կատու որսալ»,-ասել է մասնագետը:
Նշվում է, որ ապրիլի 22-ին նկարահանված տեսանյութը համացանցում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:
Ամազոնի արևադարձային անտառների բնակիչ անակոնդան կարող է աճել մինչև 8 մ և կշռել առավելագույնը 230 կգ: