Մենք հույս ունենք, որ այս նիստը և այլ նախաձեռնություններ կծառայեն ԵԱՏՄ-ի հետագա ինտեգրացիայի զարգացմանը: ԵԱՏՄ միջկառավարական նիստից հետո լրատվամիջոցների համար արվող հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը հետաքրքրված է ինտեգրման գործընթացներում արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսօրվա նիստում քննարկված 13 հարցերի մեծ մասը վերաբերում է ինտեգրացիային:
Լրագրողի հարցին, թե ԵԱՏՄ շրջանակներում, մասնավորապես, Հայաստանի համար որոնք են համարվում առաջնահերթ խնդիրներ և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք իրականացնելու ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն առանձնացնում է գազի, նավթի, նավթամթերքի համար ընդհանուր շուկայի ստեղծման հարցերը:
«Այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Քննարկվում են և՛ ԵԱՏՄ շրջանակներում, և՛ երկկողմ ձևաչափերում: Կարծում եմ՝ այդ հարցը կլուծվի, քանի որ հայտնի է, որ էներգառեսուրսներն իրենց ազդեցությունն են ունենում ապրանքների ինքնարժեքի վրա: Այդ հարցի լուծումը կարևոր է ընդհանուր տնտեսական միության համար»,- ասաց նա:
Երկրորդ կարևոր առաջնահերթությունը Հայաստանի համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, թվայնացման օրակարգն է:
«Կարծում եմ՝ թվայնացումը կմտերմացնի մեր տնտեսությունները և հնարավորություններ կստեղծի ուղիղ համագործակցության համար»,- ասաց նա:
Ըստ ՀՀ վարչապետի, իհարկե այլ հարցեր ևս կան, որոնք կարևոր են, բայց ԵԱՏՄ-ի արդյունավետության բարձրացման և կառույցը այլ երկրների համար գրավիչ դարձնելու համար այդ երկուսն են ամենակարևորները: