Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

$
0
0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված` գազատարի վերականգնված հատվածի ներմիացման նպատակով ս.թ. օգոստոսի 9-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

Մասնավորապես, Արթիկ քաղաքի, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Հովտաշեն, Տուֆաշեն, Հայկասար, Հայրենյաց, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Մեղրաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, «Աշոտ Խլխաթյան» ԱՁ-ի, «Գրիգ Ստեյլ», «Ադա Գրիգ», «Մուշ-Կոլ», «Զվարթնոց գազ» ՍՊԸ-ների, «Դելֆին» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիան» հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Ոստիկանները 10-ից ավելի բնակարանային գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք (տեսանյութ)

$
0
0

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։

Հիշյալ անձինք վերցվել են քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համատեղ իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվել են և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել են տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի և ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից։ Այս պահին քննությամբ հիմնավորվել է, որ նրանք կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում։

Այժմ էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ բացահայտված դեպքերի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, ինչպես նաև այլ հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Գրպանահատը հայտնաբերվել է, իսկ տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, հետագայում՝ նաև բողոքից. Հարություն Անոյանը` սոցցանցերում հրապարակված դեպքի մասին

$
0
0

2019 թվականի սկզբից առ այսօր մայրաքաղաք Երևանում արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել է 179-ը: Իսկ 2018 թվականին Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, որից բացահայտվել է 334-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:

Անդրադառնալով վերջերս սոցցանցերում լայն արձագանք գտած գրպանահատության 2 դեպքին, Անոյանն ասաց, որ առաջին դեպքում գրպանահատը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, իսկ տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, հետագայում՝ նաև բողոքից:

2-րդ դեպքում՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որ իրեն դանակով վնասել են: Անոյանի խոսքով, անձը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս պահին նախապատրաստվում են նյութեր:

Դիտարկմանը, որ գրպանահատին բացահայտելուց հետո նա անպայման վրեժխնդիր է լինում, հիմնականում սուր կտրող ծակող գործիքով, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց, որ  նման դեպքերը շատ քիչ են:

«Տարվա մեջ դա կարող է լինել մի քանի անգամ: Սովորաբար գրպանահատը բռնվելու պահին հարմար առիթ է փնտրում, որ հեռանա տարածքից: Այդ կարծիքը քաղաքացիների մեջ է, որ իրենց կվնասեն»,-ասաց Անոյանը:

 

Թուրքիայի արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 6,0 մագնիտուդով

$
0
0

Թուրքիայի արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 6,0 մագնիտուդով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ցնցումները զգացվել են երևանյան ժամանակով ժամը 15:25-ին: Էպիկենտրոնը գտնվում է Դենիզլի քաղաքից 49 կմ արևելք, օջախը՝ 7 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ այսօր առավոտյան ևս մի երկրաշարժ է գրանցվել Իզմիրի նահանգում: Թեև տուժածներ չկան, ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում:

Քասախում BMW-ն մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ. Shamshyan.com

$
0
0

Այսօր, օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Գալստյանի վարած ЗИЛ MMZ4502 մակնիշի 36 AL 307 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արման Հակոբյանի վարած BMW մակնիշի 45 RM 545 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով շրջադարձի հատվածում վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար։ 

Սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար. ՔԿ

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, լիազորված լինելով բնակչությանն օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով` նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց 2010-2017թթ. ընթացքում Դալարիկ գյուղի երկու բնակչից ստացել է ապօրինի վարձատրություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարի մի մասը։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գրպանահատության պատիժը կխստացվի. Ոստիկանություն

$
0
0

Գրպանահատության պատիժը խստացնելու համար Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն։ Այն վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Նախագիծը մայիսին քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։ Այժմ այն լրամշակվում է կրկին հանձնաժողովին ներկայացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

«Դրա ընդունման պարագայում մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը կորակվի որպես հանրային մեղադրանք։ Այդ ժամանակ տուժողի հետ հաշտվելու կամ բողոքի բացակայության դեպքում հնարավոր չի լինի գործի վարույթն ընդհատել»,- ասաց նա` հավելելով՝ ակնկալում են, որ այս արարքին այսկերպ կտրվի արժանի քրեաիրավական գնահատական։

Ըստ ոստիկանության պաշտոնյայի, դրա համար հայաստանյան օրենսդրությամբ ծանր պատիժ չի սահմանվում. գրպանահատությունն օրենքով դիտարկվում է որպես մանր հափշտակություն (մինչև 5000 դրամ), որի համար վարչական պատասխանատվություն է սահմանվում։ Իսկ մինչև 500 000 դրամ գողության դեպքերի համար արդեն սահմանվում է քրեական պատասխանատվություն։

Ըստ Հակոբյանի, գրպանահատությունը դիտարկվում է որպես մասնավոր մեղադրանք, այսինքն՝ տուժած անձը, եթե ոստիկանություն չդիմի, չբողոքի հանցանք կատարած անձի դեմ, ապա դրան իրավական ընթացք չի տրվի, քրեական գործ չի հարուցվի ու հանցանք կատարած անձը չի պատժվի։

Սլոթ Գալակտիկա․ 222,040,000 դրամ՝ TotoGaming-ի նոր մրցաշարում

$
0
0

Ցանկացած նախասիրության սլոթեր, ամենօրյա հսկա մրցանակային ֆոնդեր և հազարավոր հաղթողների թվում հայտնվելու հնարավորություն: Սրանք TotoGaming-ում մեկնարկող նոր մեգամրցաշարի գլխավոր առանձնահատկություններն են...

Իսկ եթե ավելի կոնկրետ՝

–   ավելի քան 1200 սլոթեր

–   3,640,000 դրամ ամեն օր 

–   6100 հաղթող 

Մրցաշարի անունը նույնքան մեծ է, որքան նշված թվերը՝ Սլոթ Գալակտիկա

Այս տիեզերական մրցաշարը տևելու է ուղիղ 61 օր և իր հաղթողներին բաժանելու է ընդհանուր առմամբ 222,040,000 դրամ մրցանակային ֆոնդ:

Ֆոնդի 219,600,000 դրամը փոխանցվելու է հաղթողներին դրամական մրցանակների տեսքով, իսկ 2,440,000–ը՝ անվճար սփինների: 

«Սլոթ Գալակտիկա»–ի ուղին սկսվում է օգոստոսի 8–ին: Հենց այդ օրը խաղարկվելու է մրցաշարի առաջին 3,640,000 դրամը: Մրցաշարին մասնակցող սլոթերում քո կատարած պտույտը կարող է բերել քեզ առաջին միլիոնը:

Եվ այսպես ամեն օր՝ երկու ամիս շարունակ:

Մանրամասներն այստեղ:


Նիկոլ Փաշինյանի նշած 62 մլրդ դրամ եկամուտների աճը ստացվել է մեքնաների առևտրից, խաղերից, դրանք սպեկուլյատիվ են և շուտով չեն լինելու․ Հրանտ Բագրատյան

$
0
0

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բյուջեի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2019-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աննախադեպ 25.1% աճ է արձանագրվել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումը իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։
1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։

 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4x1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այո, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը։

2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և Նիկոլ Փաշինյանի տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% - 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։

 Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145% ։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% - 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։ Այսինքն, 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։ 

3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ, հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։ Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։

 Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Փաշինյանի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ Սերժ Սարգսյանի «հաջողությունները»։

Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։ Ավելին, այդ «հաջողությունը» երկար չի տևելու։ Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցուկթյան վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող։

 

 

Սոցիալական ապահովության ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ

$
0
0

Սոցիալական ապահովության ծառայությունը աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել:  Դրանում, ասվում է.

Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, Ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները հավաքագրվեցին ըստ աշխատողների թվաքանակի նվազման՝ սկզբում առավել շատ աշխատող ունեցող գործատուներ, ապա մինչև չաշխատող ֆիզիկական անձ սկզբունքով:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշման դրույթները՝ այն է աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացնել գործատուների հետ փոխհամաձայնեցված ժամկետներում (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու), Ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270000 աշխատանքային գրքույկ:

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար,   Սոցիալական ապահովության ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գրքույկների թվայնացման գործընթացը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար:

Այսպիսով, Ծառայությունը կրկին հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին Ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր աղբյուրներով, պարբերաբար տեղեկացնում է դեռևս չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին:

Գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է, փոխադարձ համագործակցության շրջանակներում, չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում:

Պլանշետի և նոութբուքի գործառույթով Galaxy Note 10 և Galaxy Note 10 Plus սմարթֆոններն ու այլ նորույթներ. մանրամասներ Samsung-ի շնորհանդեսից (տեսանյութեր, լուսանկարներ)

$
0
0

Օգոստոսի 7-ին ուղիղ կեսգիշերին հարավկորեական Samsung ընկերությունը Նյու Յորքում Unpacked միջոցառմանը ներկայացրել է իր թոփ նորույթները՝ Galaxy Note 10 և Galaxy Note 10 Plus սմարթֆոնները, Galaxy Watch Active «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը, այլ սարքեր:

Հեռարձակումն իրականացվել է ընկերության YouTube-ի ալիքով։

 

Galaxy Note 10 և Galaxy Note 10 Plus սմարթֆոններ

Galaxy Note 10 և Galaxy Note 10 Plus սմարթֆոնները համատեղում են հեռախոսի, պլանշետի և նոութբուքի գործառույթները: Երկու մոդելներն էլ ապահովում են 5G ցանցերում տվյալների փոխանցումը:

Galaxy Note 10 սմարթֆոնը համալրված է 6,3 դյույմ անկյունագծով AMOLED էկրանով, իսկ Galaxy Note 10 Plus-ը՝ 6,8 դյույմ անկյունագծով AMOLED էկրանով: Galaxy Note 10 Plus-ը 2019 թվականին Samsung-ի ամենամեծ սմարթֆոնն է համարվում:

Երկու սմարթֆոններն էլ օժտված են մատնահետքերի նույնականացման համակարգով, մի քանի տեսախցիկներով, S Pen տեքստերի ճանաչման գործառույթով և հզոր մարտկոցներով:

Galaxy Note 10-ն ու Galaxy Note 10 Plus-ը ստեղծվել են ութմիջուկանի Qualcomm Snapdragon 855 Plus պրոցեսորի հիման վրա:

Galaxy Note 10-ն ունի 8 Գբ օպերատիվ հիշողություն և 256 Գբ ներկառուցված հիշողություն: Galaxy Note 10 Plus-ի հիշողության ծավալը մեկուկես անգամ ավելի շատ է՝ 12 Գբ օպերատիվ հիշողություն, ևս 256 Գբ ներկառուցված հիշողություն։

Galaxy Note 10 Plus-ն ունի չորս մոդուլներով հիմնական տեսախցիկ՝ այդ թվում նաև 3D տեսախցիկ, Note 10 մոդելն ունի նմանատիպ տեսախցիկներ՝ բացի 3D-ից:

Note 10-ը թույլ է տալիս աշխատել հավելյալ իրականությամբ և սքանավորել իրերը եռաչափ տարածության մեջ: Օրինակ՝ օգտատերը կարող է զբաղվել մոդելավորմամբ և իր ստեղծածը հավելյալ իրականության մաս դարձնել կամ տպել այն 3D տպիչով: 

Նորույթները կարելի է միացնել սովորական համակարգչի կամ նոութբուքի, և մոնիտորի վրա կհայտնվի սմարթֆոնի աշխատանքային սեղանը:

Galaxy Note 10-ի մարտկոցի հզորությունը 3600 ամպեր-ժամ է, մինչդեռ Galaxy Note 10 Plus-ինը՝ 4300 ամպեր-ժամ: 45 Վտ հզորությամբ արագ լիցքավորման գործառույթը թույլ կտա սմարթֆոններն ամբողջությամբ լիցքավորել ընդամենը 30 րոպեում։

Սմարթֆոնները վաճառքի կհանվեն օգոստոսի 23-ին։ Galaxy Note 10-ի գինը կսկսվի 949 դոլարից, Galaxy Note 10+-ինը՝ 1099 դոլարից:

 

 

Galaxy Watch Active 2 «խելացի» ժամացույց

 

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Watch Active 2 նոր «խելացի» ժամացույցը: Նորույթը երկու տարբերակ է առաջարկում՝ 1,2 կամ 1,4 դյույմ անկյունագծով:

Վաճառքի կհանվեն սիլիկոնային գոտիով ալյումինե և կաշվե ամրակով չժանգոտվող պողպատից ժամացույցներ:

Սարքավորումը համալրված է 360×360 պիքսել լուծաչափով AMOLED էկրանով: Այն նաև ունի սենսորային շրջանակ, որի միջոցով կարելի է կառավարել ինտերֆեյսը:

Ժամացույցը հետևում է մարդու ֆիզիկական ակտիվությանը և հաշվարկում անցած քայլերի չափը, այրված կալորիաները և այլն: Սարքերն ավտոմատ կերպով հաշվարկ են կատարում այն ժամանակ, երբ ժամացույցի օգտատերերը սկսում են որոշակի գործողություններ կատարել: GPS-ի և սրտի բաբախումները հաշվարկող սենսորի շնորհիվ սարքը գրանցում է բոլոր մանրամասները:

Ժամացույցները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից՝ 279 դոլար մեկնարկային գնով:

 

Galaxy Book S լեփթոփ

 

 

Samsung ընկերությունը հանրությանն է ներակայացրել ևս մի նորույթ՝ Galaxy Book S լեփթոփը:

Ընկերության ներկայացուցիչի խոսքով՝ այդ գաջեթը նոութբուքի նման է, բայց ներառում է սմարթֆոնի գործառույթներ:

The Verge-ի տվյալներով՝ Galaxy Book S-ի էկրանը սենսորային է, դրա անկյունագիծը 13 դյույմ է: Գաջեթը ստեղծվել է Windows 10 օպերացիոն համակարգի վրա։ Սարքը համալրված է Snapdragon 8cz ութմիջուկանի պրոցեսորով:

Galaxy Book S-ի ներքին հիշողությունը կկազմի 256 կամ 512 գիգաբայթ՝ մինչև մեկ տերաբայթ ընդլայնելու հնարավորությամբ:

Հզոր մարտկոցը թույլ է տալիս սարքին աշխատել 23 ժամ:

Սարքը հասանելի կլինի արծաթյա և ոսկեգույն գույներով: Այն կշռում է 0,96 կիլոգրամ:

Galaxy Book S-ը կթողարկվի սեպտեմբերին, դրա արժեքը կսկսվի 999 դոլարից:

  

 

Galaxy Fold սմարթֆոնի կատարելագործված տարբերակը չի ներկայացվել, ինչպես սպասվում էր

 

Շնորհանդեսի ժամանակ չի ներկայացվել Galaxy Fold-ի կատարելագործված ճկուն սմարթֆոնը:

Ավելի վաղ Samsung ընկերությունն իր կայքում հայտնել էր, որ տվյալ գաջեթի նորացված մոդելը լրացուցիչ տարրեր է ստացել արտաքին մասնիկներից ավելի լավ պաշտպանվելու համար: Մասնավորապես՝  անմիջապես ճկուն դիսփլեյի տակ հայտնվել են մետաղական շերտեր:

Սմարթֆոնը համալրված է երկու էկրանով։ Գաջեթի դիսփլեյներից մեկը՝ Infinity Flex Display-ը՝ 7,3 դյույմ անկյունագծով, կարելի է ծալել: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նորացված Galaxy Fold-ը վաճառքի կհանվի 2019 թվականի սեպտեմբերին:

Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննություն իրականացնող կայանների կողմից կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել. Դատախազություն

$
0
0

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների հստակեցման նպատակով:

Արդյունքում` նախ պարզվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կայանների կողմից տևականորեն, համատարած կերպով կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել:

Արդեն տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է ընդհանուր` 26 քրեական գործ:

Վերջիններիս նախաքննությամբ պարզվել է, որ նշված ոլորտում տեխզննման կայանների պատասխանատու աշխատակիցները 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայություններ մատուցելու, այսինքն առանց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու, քաղաքացիների կողմից բանկերում կատարվող՝ այդ ծառայության համար նախատեսված գումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարություն և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարները:

Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 150 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում, 2019թ. հուլիսի 30-ի դրությամբ, վերականգնվել է ավելի քան 840 մլն ՀՀ դրամը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարագրված կոռուպցիոն մեխանիզմների ձևավորմանը նպաստել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա որոշակի բացերը, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել վարորդների կողմից իրենց տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ենթարկելու պարտականությունը որպես կանոն չկատարելու համար, ինչն ինքնին ստեղծում է ճանապարհատրանսպորտային երթևեկության անվնտանգության ռիսկեր:

Օրենսդրական բացերը հիմնականում պայմանավորված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցնելու կամ չանցնելու փաստը միայն կտրոնի առկայության կամ բացակայության հանգամանքով պայմանավորելուն հանգեցնող իրավական լուծումների, տեխզննության գործընթացի նկատմամբ պետության վերահսկողական հստակ իրավական մեխանիզմների անլիարժեքության հետ:

Բացի այդ, առկա են նաև անհստակություններ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, վճարման գործընթացի իրավակարգավորումներում։ Ելնելով օրենսդրական այդ բացերը վերացնելու, երթևեկության մասնակիցների անվտանգության երաշխավորման պետության պարտավորությունը պատշաճ իրականացնելու, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող գործոնները բացառելու անհրաժեշտությունից՝ կատարված ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։

Քաղաքապետարանի մոտից ոստիկանական բաժանմունք տարված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ոստիկանություն

$
0
0

Քաղաքապետարանի մոտից ոստիկանական բաժանմունք տարված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մեկ քաղաքացու (Սոնա Աղեկյան) նկատմամբ վարչական տույժ է կիրառվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար, իսկ ծեծի դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»,-տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռնել Երևանի քաղաքապետարանի դիմաց` «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով:

Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկվեց ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ինչպես նաև՝ մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելու համար Գագիկ Սարուխանյանը:

Նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին:

Ոստիկանները Գեղարքունիքի մարզում ապօրինի փայտանյութով արտադրամաս են հայտնաբերել (տեսանյութ)

$
0
0

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գավառի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության։

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հանձնվել է իրավապահներին, նա ձերբակալվել է

$
0
0

Ղրղզստանում հատուկ նշանակության ջոկատի անդամները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այս մասին հայտնում է Meduza գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող թղթակցին:

Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նա հանձնվել է իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կոտրել են Աթամբաևի կեցավայրի դարպասները, դեպքի վայրում հրաձգություն է տեղի ունեցել:

«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- ավելի վաղ հայտարարել էր գործակալության զրուցակիցը:

Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվել են նրա կեցավայր:

Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն էր։ 

Ի դեպ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:

Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:

Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:

Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:


Բիշքեկում սկսել են ցրել նախկին նախագահ Աթամբաևի՝ կենտրոնական հրապարակում հավաքված կողմնակիցներին

$
0
0

Ղրղզստանի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ցրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ Ալա-Տոո հրապարակում շուրջ 500 մարդ է հավաքվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևի կողմնակիցներից շուրջ հազար մարդ Կոյ Տաշի նրա կեցավայրից շարժվում են Բիշքեկի ուղղությամբ: Հրապարակում հավաքվելով խորհրդարանի շենքի առաջ՝ նրանք բղավոցներով և սուլոցներով պահանջում էին գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը՝ վանկարկելով. «Ժեենբեկով, հեռացիր»:

Ոստիկանությունը հատուկ միկջոցներ է կիրառում՝ արցունքաբեր գազ և լուսաակմուկային նռնակներ:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ներկա պահին ուժայիններին հաջողվել է դուրս բերել մարդկանց հրապարակից:

Հիշեցնենք, որ Աթամբաևն ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունում:

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի, հատուկջոկատայիններից մեկը նախօրեին զոհվել է:

 

Փողոցի մայթի լայնացումը, հեծանվային գիծը դրական եմ գնահատում, բայց կասկածի տակ եմ դնում համակարգային լինելու հանգամանքը. Թեհմինա Վարդանյան

$
0
0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքային իշխանության վերջին գործողություններին՝ կապված հեծանվուղու, աղբահանության, մայթերի լայնացման և այլնի հետ, մեկ ընդհանրական գնահատական է տալիս՝ ինչ-որ բան, որ արվում է, անկախ նրանից, թե դա որքանով է անհրաժեշտ, որքանով՝ ոչ, պետք է արվի համակարգային:

Tert.am-ի հետ զրույցում նա նաև կասկածի դրեց այս ծրագրերի համակարգային լինելը՝ չբացառելով, որ շոուի ինչ-որ մաս է:

«Փողոցի մայթի լայնացումը, հեծանվային գիծը և մնացյալը պետք է լինեն համակարգային, այլ ոչ թե որևէ բան ցույց տալու համար որևէ փոքր հատված նորոգեն, որ տեսեք մենք կառուցում ենք: Այո, գովելի ու հաճելի է, բայց, օրինակ, մայթերի լայնացման մասով կա քաղաքաշինական խնդիր, քանի որ գիտեմ՝ բազմաթիվ ճարտարապետներ դեմ են եղել մայթերի լայնացմանը: Պետք չէ 100 մետր կանաչապատել, ասֆալտապատել, հեծանվուղի կառուցել՝ մոռանալով մնացած մասը: Գիտեք՝ այս ամենը հաճելի կլիներ, երբ լիներ, օրինակ, ամբողջությամբ Չարբախում: Դրական եմ գնահատում այս քայլերը, բայց կասկածի տակ եմ դնում այն հանգամանքը՝ արդյո՞ք կլինի համակարգային, թե շոուի ինչ-որ հատված է»,- ասաց նա:

Վարդանյանը ցավով արձանագրեց, որ փորձը ցույց է տվել, որ քաղաքային ներկա իշխանություններն ականջալուր չեն լինում ընդդիմությանը: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բազմիցս նախազգուշացրել են այս կամ այն որոշման կամ նախագծի վտանգների մասին, բայց իրենց ձայնը հաշվի չի առնվել:

«Մեր ձայնը հաշվի չեն առնում, այդ իսկ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ «խերվում են»: 2019 թ.-ի բյուջեի հաստատման ժամանակ շուրջ 20 օր բարձրաձայնում էինք, հորդորում էինք, խնդրում էինք չհաստատել, խնդրում էինք չկրճատել կանաչապատման տրամադրվող գումարը, վերելակների գումարը չկրճատել, բայց  իրենք արեցին, իրենք մեծամիտ են, իսկ մի քանի ամիս հետո ստիպված էին հոդվածների փոփոխություն անել: Հիմա «Աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ»-ի մասին կարող եմ ասել, քանի որ բազմիցս զգուշացրել ենք, որ դա լավ գաղափար չէ, որ մասնավորը միանշանակ ավելի լավ է կառավարում: Հուսամ՝ քաղաքը կմաքրվի, սակայն սա լինելու է շատ կարճաժամկետ լուծում: Չգիտեմ՝ սա մեկնաբանեմ կամքի բացակայություն, հստակ որոշումներ կայացնելու բացակայություն, թե պահի համար լուծում գտնել»,- նշեց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Երևանի աղբահանությունը մանկապարտեզների վերանորոգման բյուջեի հաշվին կատարելու փաստին, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ համեմատականի մեջ հաղթում են մանկապարտեզները: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ պարզապես կարելի է «Սանիթեք» ընկերության հետ խզել պայմանագիրը:

«Միանշանակ այս պարագայում պետք է կրճատվեր պարգևավճարների բյուջեն ու դրվեր համայնքային հիմնարկի վրա: Իսկ որ ընդհանրապես որևէ տեղից չկրճատեն, թող խզեն «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը: Քաղաքապետարանը վերջին շրջանում նույնիսկ խուսափում է օգտագործել խզել բառը: Եթե մեկնաբանում են՝ վտանգ կա, որ «Սանիթեք» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան, գործընթացները տապալվել և այլն, կարող եմ վստահեցնել, որ այս վտանգը կար և՛ 6 ամիս առաջ, և՛ կա այսօր, և՛ կլինի ամիսներ կամ տարիներ հետո: Այսինքն, երբ խզվի պայմանագիրն, այս վտանգները լինելու են՝ ո՛չ վերանալու են, ո՛չ էլ ավելի սրվելու են»,- շարունակեց Թեհմինա Վարդանյանը:

Ավագանու անդամը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի այն որոշմանը, որ այս տարի առաջին դասարանցիներին պայուսակներ չի նվիրի, նախ նշեց, որ դա ավագանու որոշում չէ:

«Չեմ պատկերացնում, թե ռեալ որքանով դրա կարիքն ունեն բոլոր ծնողները, բայց վստահ եմ, որ հասարակության մեծ զանգված իսկապես ունի այդ գրենական պիտույքների կարիք, սա մանրակրկիտ հաշվարկ ու վերլուծության կարիք է զգում»,- հավելեց ավագանին:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ սա նախկինում արվում էր զուտ քաղաքապետ Տարոն Մարգարյանի PR-ի համար, իսկ ծախսն այդքան էլ արդարացված չէր, Թեհմինա Վարդանյանն արձագանքեց, որ Տարոն Մարգարյանն իրեն ընդհանրապես չի հուզում, քանի որ որպես քաղաքապետ ու քաղաքական գործիչ մնացել է անցյալում:

«Սեփական PR-ի հետ կապված միայն ասեմ, որ հիմա հասարակայնության հետ կապերի վարչությունում «օպտիմալացման» արդյունքում աշխատողներ են ավելացվել, այնպես որ եկեք սեփական PR-ի մասին չխոսենք: Հաստիքացուցակով միայն ավելացել է հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների թիմը, կարծում եմ՝ սա որոշակիորեն խոսում է սեփական PR մասին: Սեփական PR չէ՞, որ օրվա մեջ 10-15 անգամ, իմ գնահատմամբ՝ անհիմն նյութերն են հայտնվում քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում»,- եզրափակեց Թեհմինա Վարդանյանը:

 

Գայի պողոտայի «Երևան Սիթի»-ի պահեստում հրդեհ է բռնկվել. 6 մարտական հաշվարկ է մեկնել

$
0
0

Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ռուսական ֆուտբոլային միությունը տուգանել է Տուլսկի «Արսենալին»՝ երկրպագուների կողմից հայ մարզիչի հասցեին վիրավորանքներ տեղալու համար

$
0
0

Ռուսական ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական հանձնաժողովը 20 000 ռուբլի ծավալով տուգանքի տեսքով պատիժ է սահմանել ռուսական «Արսենալ» (Տուլա) ֆուտբոլային ակումբի նկատմամբ:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, տուգանքի համար պատճառ է հանդիսացել տուլսկյան ակումբի երկրպագուների կողմից վիրավորական արտահայտությունների վանկարկումը «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչ և «Արարատ» Մոսկվա թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին:

Նշվում է, որ արտագնա հանդիպման ժամանակ տուլսկյան «Արսենալի» երկրպագուներն առանց անհարմար զգալու իրենց արտահայտություններից իրենց կարծիքն են հայտնել տամբովյան թիմի մարզիչի աշխատանքի վերաբերյալ:

Թիմերի միջև հանդիպումը կայացել է Սարանսկում և ավարտվել 1:0 հաշվով՝ տուլսկյան թիմի հաղթանակով:

 

ԱՄՆ-ում լուսանկարիչը բազմաթիվ ուռուցքներով պատված եղնիկի է պատկերել, մասնագետները հնարավոր մեկնաբանություն են տվել կենդանու հիվանդությանը (լուսանկարներ)

$
0
0

ԱՄՆ Մինեսոտա նահանգում լուսանկարիչը անսպասելիորեն եղնիկի է նկատել, որի մարմինն ամբողջովին ուռուցքներով էր պատված: Նա լուսանկարել է դաշտում հանդիպած կենդանուն, և բնության հարցով մասնագետներն այս դեպքը բնութագրել են որպես ամենավատը վերջին 15 տարում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսանկարիչ Ջուլի Քերոուն նշել է, որ անգամ կենդանու աչքերը չէին երևում բազմաթիվ ուռուցքների պատճառով: Մասնագետների խոսքով՝ կենդանու այդ վիճակը պայմանավորված է պապիլոմա վիրուսով, որը մարդկանց պարագայում հայտնի է որպես ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս):

Եղնիկի լուսանկարները համացանցում հրապարակվելուց հետո հուզել և հիասթափեցրել են բազմաթիվ օգտատերերի, տեղաբնակներից ոմանք փորձել են բռնել վերջինիս՝ ինչ-որ կերպ օգնելու նպատակով: Լուսանկարները սոցցանցում տարածել են ավելի քան 7000 օգտատեր: Նրանցից ոմանք նշել են, որ իրենք էլ հանդիպել այդ կենդանուն որոշ ժամանակ առաջ:


 

 

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>